Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարին տարածաշրջան կայցելեն


Լեհաստանի Կրակով քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո հայտարարությամբ են հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ)։

Մամուլի հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է, որ արտգործնախարարներն ու համանախագահները քննարկել են ավելի վաղ տեղ ունեցած գագաթնաժողովներում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։

«Արտգործնախարարները սկզբունքորեն համաձայնություն են հայտնել համանախագահների վերամշակած փաստաթղթին, որը վերաբերում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը, ցանկություն հայտնելով հնարավորինս շուտ ավարտուն տեսքի բերել փաստաթուղթը»,- հայտարարում են համանախագահները։

Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել սեղանին առկա աշխատանքային առաջարկներում տեղ գտած զգայուն հարցերի շուրջ։ Նախարարներն ու համանախագահները նկատել են, որ շփման գծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է, և համանախագահները կոչ են արել կողմերին պահպանել այդ դրական միտումը։

Համանախագահները նաև արտգործնախարարներին հայտնել են, որ ցանկություն ունեն քննարկելու հակամարտությունից տուժած տարածքներ գնահատման առաքելություն իրականացնելու հնարավորությունը։ Նման առաքելություն իրականացվել է 2010 թվականին։

Պոպովը, Վիսկոնտին և Շոֆերը ծրագրում են փետրվարի սկզբին տարածաշրջան այցելել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG