Մատչելիության հղումներ

Թրամփին «չի հաջողվել տապալել» միջուկային համաձայնագիրը. Իրանի նախագահ


Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու նրա վարչախումբին «չի հաջողվել տապալել» Թեհրանի միջուկային գործարքը համաշխարհային գերտերությունների հետ և այդ համաձայնագիրը որակել է «երկարաժամկետ հաղթանակ» Իրանի համար։ Ռոհանին այս հայտարարություններն արել է հունվարի 14֊ին՝ հանդես գալով հեռուստատեսային ուղերձով։

Հիշեցնենք՝ Թեհրանը Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային համաձայնագիրը կնքել էր 2015 թվականին։

Այս տարվա հունվարի 12֊ին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս կգա համաձայնագրից, եթե եվրոպացի գործընկերները չվերանայեն դրանում առկա «սարսափելի թերությունները»։

Համաձայնագրին միացած մյուս գերտերությունները Միացյալ Նահանգներին կոչ են արել շարունակել հավատարիմ մնալ դրան։ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, մասնավորապես, հունվարի 13֊ին կոչ էր արել «անհրաժեշտ հարգանք» ցուցաբերել համաձայնագրի նկատմամբ։ Պաշտոնական Թեհրանը նույնպես անդրադարձել էր համաձայնագրին՝ հրաժարվելով որևէ փոփոխության ենթարկել այն։

Այդ համաձայնագրով, հիշեցնենք, Իրանը պարտավորվում է սահմանափակել իր միջուկային ծրագիրը, ինչի դիմաց գերտերությունները պակասեցնում են Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները։

Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում, մինչդեռ Միացյալ Նահանգների և մյուս պետությունների կարծիքով Թեհրանը մտադիր է միջուկային զենք ստեղծել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG