Այսօր առավոտյան Աֆղանստանում ինքնասպան ահաբեկչի հարձակման հետևանքով վեց մարդ է սպանվել, ևս չորսը վիրավորվել են: Քանդահար նահանգում ականապատված մեքենան պայթեցվել է ոստիկանական բաժանմունքի մոտ:
Ահաբեկչական հարձակումը կատարվել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի Աֆղանստան կատարած անակնկալ այցից ժամեր անց: Փենսն ասել է, թե Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին իրեն տեղեկացրել է, որ այս տարվա ընթացքում թալիբների ավելի շատ առաջնորդներ են ոչնչացվել, քան պատերազմական հակամարտության անցած ամբողջ ժամանակահատվածում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը անցած օգոստոսին հայտարարել է Աֆղանստանում նոր ռազմավարության մասին: Փենսն ասել է, որ ըստ այդ ռազմավարության՝ ԱՄՆ-ը ավելի շատ զորք և միջոցներ է ուղարկում Աֆղանստան: