Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերը» պահանջում են իրենց դատել հայրենասիրության համար


«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներն այսօր դատարանում կրկին հայտարարեցին, որ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը և պահանջում են իրենց դատել չափից դուրս հայրենասեր լինելու համար։

Արամ Մանուկյանի և մյուսների գործով նիստին դատարանն այսօր ամբաստանյալներից փորձում էր ճշտել նրանց կարծիքը մեղադրական եզրակացության եզրափակիչ հատվածի մասին, որը հրապարակվել էր նախորդ նիստի ընթացքում։ Ըստ այդմ՝ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել էին ոստիկանության պարեկապահակետային գնդի (ՊՊԾ) տարածքը և մոտ երկու շաբաթ պահել իրենց վերահսկողության տակ։ Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան, պատանդառվել էին 7-ը։

Ամբաստանյալներ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը ի պատասխան դատավոր Արթուր Օհանյանի հարցերին ասացին, թե կատարել են ապստամբություն՝ դա համարելով իրենց պարտքը։

Արամ Հակոբյանը հավելեց, որ այս մեղադրանքներով իրենց վերագրում են հանցագործի հրեշային կերպարը, որն իրականության հետ կապ չունի․ - «Մենք գիտենք ինչ ենք ուզել և ինչ ենք ուզում: Մեր քաղաքական հայտարարությունները առկա են բոլոր տեղերում»:

Հակոբյանը նաև ասաց․ - «Քրեական դատավարության օրենսգրքում նոր կետ ավելացրեք և մեզ դատեք հայրենասեր լինելու համար՝ սահմանելով նաև աստիճաններ։ Հայրենասիրության համար կարելի է դատել․ գցեք առաջին կատեգորիա, երկրորդ կատեգորիա, երրորդ կատեգորիա․․․ կիմանանք, թե ինչի համար ենք դատվել: Դուք էլ ազատ կլինեք ձեր կապանքներից․․․ Թե չէ էս կեղծ մեղադրանքները դրել եք, որ ի՞նչ»:

Մեղադրական եզրակացության եզրափակիչ հատվածում տեղ գտած նկարագրությունները չընդունեցին նաև Մարտիրոս Հակոբյանը, Արայիկ Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Թորոս Թորոսյանը, Գևորգ Իրիթյանն, Տիգրան Մանուկյանը։ Վերջինս հայտարարեց․ - «Ես ազատագրական պայքարի մեջ եմ եղել: Ես գաղափարի մարտիկ եմ, ինչ արել եմ, ճիշտ եմ արել, ու դեռ պայքարը շարունակվելու է»:

Ամբաստանյալներից Վարդան Գերավետյանին զարմացրեց մեղադրական եզրակացության այն հատվածը, ըստ որի, ինքն ու զինված խմբի մի քանի այլ անդամները «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի բանկոմատից կատարել է առանձնապես խոշոր չափերով՝ 14 միլիոն դրամից ավելի, գաղտնի հափշտակություն։

Գերավետյանն ասաց, թե մեղադրանքի այդ հոդվածն առաջացնում է բոլորի ծիծաղը․ - «Դա շինծու, ինչ-որ մի կեղտոտ բան ա, որ ուզում են կպցնեն, պիտակավորեն, որ ցույց տան, թե տեսեք, էդ մարդիկ գնացել են, հերիք չի սա են արել, նա են արել, մի հատ էլ փողի համար են գնացել․․․ Էդ փողով մենք ի՞նչ էին անելու ընտեղ, լոտո՞ էինք խաղալու․․․»

Ամբաստանյալների կարծիքը լսելուց հետո, դատարանին դիմեց պաշտպանական կողմը։ Փաստաբաններն արձանագրեցին, որ իրենց վստահորդներին առաջադրված մեղադրանքը նույն բովանդակությամբ է, չանհատականցված։

Փաստաբան Արայիկ Պապիկյանը հիշեցրեց 2016 թվականի Հատուկ քննչական ծառայության օգոստոսի 5-ի հաղորդագրություն, ըստ որի բոլոր մեղադրանքները անհատականացվելու էին, սակայն իրականում դատարան է բերվել կոլեկտիվ մեղադրանք․ - «Երբ ներկայացվում էր իմ պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքը, այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ սույն գործով այն լսում ենք իններորդ և տասներորդ անգամ: Իսկ «Սասնա ծռերի» երեք գործերի դեպքում՝ 31-րդ անգամ: Բոլոր դեպքերում գրեթե նույն բովանդակությունն է»:

Պաշտպան Մուշեղ Շուշանյանը դատարանից պահանջեց մեղադրող կողմին պարտադրել պարզաբանել, թե ինչու անհատականցված չեն ամբաստանյալների մեղադրանքները։
Դատավոր Արթուր Օհանյանը, սակայն, քննության առարկա չդարձրեց պաշտպանի պահանջն ու մեղադրական կողմին դիմեց հարցով, թե ինչ հաջորդականությամբ պետք է հետազոտեն գործի ապացույցները։

Դատավորի այս քայլը վրդովեցրեց փաստաբան Լուսինե Սահակյանին, ով փորձեց առարկել նախագահողի գործողությունների դեմ:

Մյուս պաշտպանները միացան Սահակյանի առարկությանը։ Փաստաբանները վստահեցրեցին, քանի դեռ չկա անհատական մեղադրանք, իրենք պաշտպանական գործողություններ իրականացնել չեն կարող։ Դատախազները հակադարձեցին, թե մեղադրական եզրակացության մեջ պարզ և հստակ շարադրված է յուրաքանչյուրի կատարած գործողությունը։

Հաջորդ դատական նիստը դեկտեմբերի 19-ին է: Դատարանը կսկսի հետազոտել գործում առկա ապացույցները:

XS
SM
MD
LG