Մատչելիության հղումներ

Մղարթցիները թերահավատ են, թե «Միռամ»-ի ներկայացուցիչները կկատարեն իրենց խոստումները


Մղարթի դպրոցի մարզադահլիճը
Մղարթի դպրոցի մարզադահլիճը

Լոռու մարզի Օձուն համայնքին միացած Մղարթում է ապրում 13-ամյա Զինա Ղազարյանը, ով անցած տարի «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթում հաղթել և նախագահ Սերժ Սարգսյանի մոտ ընդունելության է մասնակցել։

Զինան ասում է, որ առաջին անգամ նախագահի նստավայրում լինելով, ամաչեց, բայց գյուղի հոգսերի մասին շատ ասելիք ուներ նրան։ Գյուղում խմելու ջուր չկա, դպրոցում էլ՝ մարզադահլիճ։

Նա հուսով է, որ հաջորդ տարի ևս հաղթանակով կհյուրընկալվի հանրապետության առաջին դեմքի մոտ․ - «Կփոխանցեմ, որ գյուղերին ուշադրություն դարձվի, դպրոցներն էլ լավ վիճակի հասցվի, որ գոնե սպորտզալ ունենանք»:

Դպրոցի տնօրեն Աղաբեկ Մոսինյանն ասում է, որ գյուղի 50-ամյա դպրոցի շենքն այս տարիների ընթացքում միայն մեկ անգամ մասնակի նորոգվել է սփյուռքահայ բարերարների ֆինանսավորմամբ։ Դպրոցի արդեն քարուքանդ մարզադահլիճի համար կազմած 12 միլիոն դրամի նախահաշիվը, այդպես էլ թղթի վրա է մնացել․ - «Լեհական դեսպանատունը մի անգամ եկավ, ծրագիր ունեին, որ զալը վերանորոգեն: Նախահաշիվն էլ կազմեցինք, իրանք էլ հաստատեցին, բայց հետո դա ծրագրից հանեցին, ասեցին՝ ավելի հրատապ ծրագրեր ա էլել, մենք մեր գրաֆիկից հանել ենք»։

Ձմռան ամիսներին նավթի վառարաններով քիչ թե շատ հնարավոր լինում է տաք պահել դասասենյակները, բայց դպրոցի ու մարզադահլիճի վերանորոգման մասին նախահաշիվներն առայժմ պահոցներում են տեղավորել, քանի դեռ համայնքների խոշորացման հետ փոքր բնակավայրեր լուրեր են հասել, թե հնարավոր են որոշ դպրոցներ փակվեն։

Աղաբեկ Մոսինյանը, որ նաև խոշարացած Օձուն համայնքի ավագանու անդամ է, Մղարթի 44 աշակերտ ունեցող դպրոցի հարցը հնարավոր բոլոր ժողովներում՝ համայնքապետի, մարզպետի ու կառավարության մակարդակով բարձրացնում է․ - «Մենք էլ ենք էն մտքին, որ ինչքան էլ գյուղը փոքր լինի, դպրոցը փոքր լինի, դպրոցները պահպանվեն: Որովհետև դպրոցները գյուղ պահող միակ միջոցն ա, որ ընտանիքները, երիտասարդությունը մնում են տվյալ գյուղում»:

Մղարթի մյուս ամենակարևոր խնդիրը խմելու ջուրն է. Գյուղացիներն ասում են, որ տարիներ շարունակ հարցը բարձրացրել, բայց ոչ մի արդյունքի չեն հասել․ - «Ջրամաններով կողքի գյուղերից ջուր ենք բերում խմելու համար»:

Վերջերս հանքարդյունաբերական մտադրություններով գյուղ հասած «Միռամ» ընկերության ներկայացուցիչները Մղարթում լուրեր են տարածել, թե ոսկի որոնելու թույլտվություն ստանալու դեպքում գյուղ ջուր են հասցնելու։ Գյուղացիներից 15-ն այս խոստումներին հավատալով մեկուկես ամիս առաջ համաձայնել էին, անգամ արձանագրության տակ ստորագրել, բայց դրանից հետո խելք-խելքի տալով, այլ կարծիքի են եկել։

«Սովետական կառավարությունը ամեն ձևի էլ Մղարթի տերիտորիան անալիզ ա արել․․․ Մղարթա տերիտորիայում ջուր չկա: Սուտ ըստի գան ոչ խոսան, ասեն՝ մենք ջուրը կբերենք: Ո՞րտեղից տի բերես․․․ Ժողովրդին մեք խաբի: Ես 82 տարեկան մարդ եմ, էդ գործը լավ գիտեմ՝ Մղարթա տերիտորիայում ջուր չկա», - վրդովված ասում է տարեց մղարթցին:

Ջրի նախահաշիվն էլ կա համայնքապետարանում։ Առնվազն 10 միլիոն դրամ է հարկավոր ջուրը պոմպերի միջոցով Մղարթ հասցնելու համար։

XS
SM
MD
LG