Մատչելիության հղումներ

Գյուղացիները ոսկի որոնողներին չթույլատրեցին հանրային լսում կազմակերպել


Մղարթի և Արդվիի բնակիչները դեմ են իրենց համայնքների տարածքում ոսկու արդյունահանմանը, 1-ը դեկտեմբերի, 2017 թ․
Մղարթի և Արդվիի բնակիչները դեմ են իրենց համայնքների տարածքում ոսկու արդյունահանմանը, 1-ը դեկտեմբերի, 2017 թ․

Այսօր Լոռու մարզի Մղարթ բնակավայրում նախատեսված հանրային լսումը տապալվեց։ Մղարթի և հարևան Արդվիի բնակիչներն ու բնապահպանները ոսկի որոնելու ցանկություն ունեցող «Միռամ» ընկերության, ինչպես նաև բնապահպանության նախարարության ներկայացուցիչներին թույլ չտվեցին մտնել Մղարթի նախկին գյուղապետարանի շենք, որտեղ նախատեսված էր անցկացնել հանրային երկրորդ լսումը։

Գյուղացիները փակել էին գյուղ տանող ճանապարհը, սակայն հանրային լսումների կազմակերպիչները նախկին գյուղապետարանի շենք հասան այլ ճանապարհով։ Ակցիայի մասնակիցները, սակայն, արագ հասան շենքին ու փակեցին մուտքը։ «Հեռացեք մեր գյուղից» վանկարկումներով նշված երկու համայնքների բնակիչները ստիպեցին նրանց հեռանալ բնակավայրից։ Բնակիչներն ասում էին, թե չեն ուզում լսել ընկերության ոչ մի փաստարկ և դեմ են լինելու երկրաբանական ուսումնասիրություններին՝ ցանկացած հիմնավորման դեպքում։

Ամռանը «Միռամ» ընկերությունը հայտ էր ներկայացրել բնապահպանության նախարարություն՝ ընդհանուր առմամբ 200 հա մակերեսով տարածքում ուսումնասիրություններ կատարելու համար։ Տարածքի հիմնական մասը՝ մոտ 150 հա, պատկանում է Արդվի համայքին, որտեղ, սակայն, ընկերության ներկայացուցիչները բնակիչների կողմից մեծ դիմադրության հանդիպեցին, ինչից հետո ծրագրում թողեցին միայն Մղարթին պատկանող մոտ 54 հա տարածքը։

Այս պահին, նախարարության ներկայացուցիչներն արդեն հեռացել են Մղարթից, այնտեղ է միայն «Միռամի» ներկայացուցիչ՝ երկրաբան Մանվել Հարությունյանը, ով նշեց, որ եկել է ընկերության ծրագիրը հանրությանը ներկայացնելու համար։ Գյուղացիները չեն հեռանում, նշելով, որ նախկին գյուղապետարանի շենքը փակ կպահեն, քանի դեռ ընկերության բոլոր ներկայացուցիչները չեն հեռացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG