Մատչելիության հղումներ

«Փողոցը կորցնել չի կարելի»․ ուսանողները նոյեմբերի 22-ին ընդառաջ հանրային քննարկում են անցկացնում


Սիրահարների այգում մեկնարկել է «Հանուն գիտության զարգացման»-ի նախաձեռնած հանրային քննարկումը։

Նախքան նոյեմբերի 22-ին նախատեսված բանավեճը, ըստ նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի, իրենք ցանկանում են այս կերպ լսել բոլոր մտահոգ անձանց մոտեցումները և հստակեցնել այն օրենսդրական առաջարկները, որոնք դրված են լինելու ուսանողության դիրքորոշման հիմքում։

«Մենք պետք է հասկանանք, թե մեր գլխավոր խնդիրն այս պահին ո՞րն է, ինչի՞ շուրջ մենք կարող ենք ինչ-որ նպատակի հասնել։ Կլոր սեղանի նպատակը դա է, որ կարողանանք մի քանի խնդրի շուրջ ինչ-որ զիջում կորզենք, որ էս ամեն ինչի մեջ ինչ-որ արդյունավետություն լինի», - ասաց Պետրոսյանը։

Հանրային քննարկման մասնակիցները հորդորեցին նախաձեռնության անդամներին փողոցային պայքարը չդադարեցել․ - «Կառավարությունը, Ազգային ժողովը, բոլոր չինովնիկները գնում են կլոր սեղանի, բանակցությունների մի պատճառով, որովհետև այսօր ուսանողներն ունեն փողոց, եթե կորցնեք փողոցը, իրենք այլևս ձեզնով հետաքրքրված չեն լինելու։ Մի անգամ կհանդիպեն, երկրորդ անգամ կհանդիպեն ու վերջ, իսկ երկրորդ անգամ փողոց հավաքելը լինելու է շատ դժվար։ Դրա համար ես կարծում եմ, որ մինչև մենք չունենանք շոշափելի արդյունք, փողոցը կորցնել չի կարելի»։

Այսօր ավելի վաղ Դավիթ Պետրոսյանն «Ազատության»-ը փոխանցել էր, որ շաբաթ օրը աշխատանքային քննարկում է ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ, որտեղ էլ որոշել են կլոր սեղանի վայրն ու ֆորմատը։

Ըստ նախաձեռնության անդամի, նոյեմբերի 22-ի հանդիպումը տեղի կունենա Ազգային ժողովում՝ բանավեճի ֆորմատով, երկու կողմը կունենա 5-ական ներկայացուցիչ։

Հիշեցնենք՝ զինծառայության մասին օրենքին դեմ արտահայտվող ուսանղոները դասադուլն ու հացադուլը դադարեցրեցին նոյեմբերի 15-ին՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հայտարարեցին, թե պայմանավորվել են հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 22-ին կլոր սեղան-քննարկում անցկացնել իշխանությունների հետ:

Նշենք, որ Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին առավոտյան ձայների 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը:

Համաձայն օրինագծի, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր հոկտեմբերի 27-ին, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: Ուսանողները պնդում են, որ այս օրենքը կխոչընդոտի գիտության զարգացմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG