«Սասնա ծռերի» գործով 11 ամբաստանյալների այսօրվա դատական նիստին զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող ԱՄՆ քաղաքացի Կարո Եղնուկյանը բերվել էր դատարան, չնայած նախորդ նիստին հայտարարել էր, որ այլևս չի մասնակցելու դատին:
Եղնուկյանն այսօր հայտարարեց՝ բժիշկներն իր մոտ սթրեսային հիպերտոնիա են հայտաբերել, ինչը նշանակում է, որ սթրեսային իրավիճակներում նրա զարկերակային ճնշումը կարող է բարձրանալ։
Եղնուկյանը նշեց, որ քրեակատարողական հիմնարկի բժիշկները իր հիվանդության պատճառը չեն գտնում, փոխարենն առաջարկել են կրկնակի չափաբաժիններով դեղորայք օգտագործել։ Ասաց, որ ինքը հրաժարվել է այդ առաջարկից։ Դատավորին էլ խնդրեց ազատել իրեն այս նիստերից՝ համոզմունք հայտնելով, որ իր և իր փաստաբանի ներկայությունը զինված խմբի դատին անիմաստ է։
Եղնուկյանը, հիշեցնենք, դատարանից պահանջել էր իր գործն առանձնացնել զինված խմբի գործից, դատավորը, սակայն, մերժել էր։
«Ես համաձայն եմ, որ առանց իմ ներկայության այս դատավարությունը կատարվի, որովհետև այն օրենքը, որ պահանջում է, որ մեղադրյալը լինի դատարանում, դա արված չէ դատախազի և դատավորի իրավունքները պաշտպանելու համար: Դա արված է իմ իրավունքները պաշտպանելու համար, որպեսզի ստալինյան «տրոյկան» ինձ չդատի առանց իմ ներկայության: Եթե ես կամովի հրաժարվում եմ դրանից, իմ իրավունքները չեն խախտվում», - հայտարարեց Եղնուկյանը:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշում կայացրեց այսօր Եղնուկյանին ազատել նիստերից։ Շտապօգնություն կանչեց։ Բժիշկները հետազոտեցին նրան՝ արձանագրելով, որ զարկերակային ճնշումն է բարձր։
Այսօրվա դատական նիստի ընթացքում փաստաբանները դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեցին: Փաստաբան Գրիշա Բալասանյանը, մատնանշելով Արտուշ Գաբրիելյանի հարցազրույցը «Հրապարակ» օրաթերթին, պնդեց, որ դատավորն իրավունք չունի մինչև դատավճիռ կայացնելը հարցազրույց տալ գործի մասին:
Նշված հարցազրույցում դատավորը պնդել էր, որ անցած չորս ամիսներին գործը դանդաղ է առաջ շարժվել փաստաբանների պատճառով:
«Դատավոր պարոն Գաբրիելյանը, առանց տեսնելու դատական կարգադրիչների վարքագիծը, առանց ականատես լինելու նրանց գործողություններին, հայտարարել է, որ դատական նիստերի կարգադրիչներն իրենց լիազորությունը կատարում են՝ կատարել են զննություն: Ամիսներ շարունակ գործով ներգրավված փաստաբաններս պնդել ենք հակառակի մասին: Մինչդեռ դատավորը գործուն քայլեր չի ձեռնարկել, իսկ հրապարակված հոդվածում արդարացնելով դատական կարգադրիչներին՝ հեղինակազրկում է փաստաբաններին, նրանց խոսքը», - հայտարարեց Գրիշա Բալասանյանը:
Փաստաբան Արա Ղարագյոզյանը, դիմելով դատավորին, հարցրեց, թե ինչու հարցազրույցում չի խոսել ամիսներ առաջ դատարանի նկուղում «Սասնա ծռերի» 4 անդամների ծեծի գործից, և հավելեց․ - «Ամեն ինչը հիմքեր է տալիս ենթադրելու, որ առաջին իսկ պահից, քրեական գործը վարույթ ընդունելով, Դուք կանխակալ վերաբերմունք եք ունեցել: Այս ասուլիսն էլ տալով՝ Դուք ուզում եք ցույց տալ, որ, այո, մենք պաշտպանական կողմի նկատմամբ կանխակալ ենք, մեղադրող կողմը ինձ պաշտպանում է, ես պաշտպանում եմ մեղարդանքի կողմին: Բոլոր միջնորդությունները պաշտպանական կողմի մերժվում են: Մենք առաջին իսկ պահից հայտարարում ենք, որ սա քաղաքական որոշում է»:
Մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանը առարկեց՝ պնդելով, որ դատավորը որևէ խախտում թույլ չի տվել․ - «Դատավորի կողմից նշվել է պատճառը՝ այն, ինչ որ հանդիսացել է իրական պատճառը այդ նիստը հետաձգելու: Այդտեղ այլ բաներ բերել տեղավորելը ոչ թե իրավաչափ չէ, այլ արդարացի չէ ուղղակի: Հետևաբար ես գտնում եմ, որ էստեղ Քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածով նախատեսված որևէ հիմք չկա դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու: Դատավորի կողմից իրականացվել են ըստ էության իր լիազորությունները»:
Արտուշ Գաբրիելյանը մերժեց փաստաբաններին և ինքնաբացարկ չհայտնեց։ Այսօրվա դատական նիստին դատավորը մերժեց նաև ամբաստանյալ Տիգրան Սարգսյանին կալանքից ազատ արձակելու միջնորդությունը։
«Սասնա ծռեր» զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Նրանց սպանության մեջ մեղադրվում են խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը: Այս գործերով անցնողների հիմնական մասը մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, դրա գործադրմամբ շենք գրավելու, գույք փչացնելու, պատանդ պահելու, նրանց ազատելու պայմանով պետությանը գործողություններ հարկադրելու մեջ: