ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր քվեարկության են դրվելու Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետաքննության հարցով երկու իրարամերժ բանաձևերի նախագծեր, որոնք կազմել են Միացյալ Նահանգները և Ռուսաստանը:
ՄԱԿ-ի քննիչների և քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության փորձագետների համատեղ հետաքննությամբ պարզվել է, որ Սիրիայի պետական բանակն ապրիլին «զարին» տեսակի թունավոր գազ է կիրառել:
Հետաքննող խմբի լիազորություններն այսօր կեսգիշերին սպառվում են, և դիվանագետների փոխանցմամբ՝ Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, արգելանք կդնի ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու Միացյալ Նահանգների առաջարկի վրա:
Ռուսաստանը համաձայն է երկարաձգմանը՝ պայմանով, որ հետաքննության մեխանիզմն ամբողջությամբ վերանայվի:
Նախագահ Բաշար ալ-Ասադի հիմնական հովանավորը համարվող Ռուսաստանը Սիրիայում 2011 թվականից մեկնարկած քաղաքացիական պատերազմի ընթացքում 9 անգամ արգելանք է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այդ երկրին առնչվող բանաձևերի նախագծերի և, մասնավորապես, քիմիական զենքի հարցով հետաքննությունը երկու տարով երկարաձգելու՝ այս տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ի ներկայացրած նախագծի վրա: