Շարունակվում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գործով դատավարությունը։
Անցած դատական նիստին Բաբայանը գրություն էր ուղարկել դատարան՝ տեղեկացնելով, որ վատառողջ է, ձայնը խզված է, և խնդրելով հետաձգել նիստը։ Դատարանը բավարարել էր խնդրանքը։
Այսօր ցուցմունք տվեց առանցքային մեղադրյալ, Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը՝ հայտարարելով, որ ինքն է ցանկացել ձեռք բերել «Իգլա» զինատեսակը՝ բանակին նվիրելու նպատակով։
Գաբրիելյանը պատմեց, որ որպես զինամթերքի լավ գիտակի՝ խորհրդի համար դիմել է Բաբայանին, պարզելու՝ արդյոք պիտանի՞ է Հայաստան բերված զենքը։ Բաբայանն էլ ասել է, թե այն պակասող բաղադրիչներ ունի, այս վիճակում ընդամենը պահեստամաս է։
Սամվել Բաբայանը, ըստ այսօր տրված ցուցմունքների, զենքի ձեռքբերման հետ որևէ առնչություն չունի։ Ավելին՝ Բաբայանը դատարանում բացականչեց, թե Սանասար Գաբրիելյանին բացատրել, զգուշացրել է, որ դա քրեորեն պատժելի արարք է։
Ըստ մեղադրանքի, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Բաբայանը Գաբրիելյանին ու մյուսներին դրդել է ձեռք բերել զենքը։
Հիշեցնենք՝ Սամվել Բաբայանը ձերբակալվել է այս տարվա մարտի 22-ին՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ: Նա «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրն էր։
Բաբայանը մեղադրվում է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, ինչպես նաև փողերի լվացման մեջ: Մասնավորապես, ըստ մեղադրանքի, նա փորձել է հանցավոր ճանապարհով Ռուսաստանից ստացված՝ օրինական շրջնառությունից դուրս եկած և հատուկ ներկանյութով ներկված եվրո թղթադրամները քիմիական մաքրման ենթարկել՝ հետագայում դրանք Հայաստանում շրջանառության մեջ դնելու նպատակով: Բաբայանն ինչպես այս, այնպես էլ «Իգլա» ձեռք բերելու հետ կապված մեղադրանքները չի ընդունում: