«Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք»:
Այսօր Ժնևում՝ Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ նախագահի կայքէջի, Սարգսյանը նաև նշել է․ «Տա Աստված, որ միշտ այդպես կարծի [Ալիևը]: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս»:
Երկու նախագահների այսօր կայացած ժնևյան հանդիպման արդյունքով քիչ առաջ համատեղ հայտարարություն են տարածել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները: