Շարունակվում է «Սասնա ծռերի» անդամներից 18-ի գործով դատական նիստը։
Ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանը հայտարարեց, որ նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը չի լսում իրենց հիմնավորումները, և պահանջեց որպեսզի Գաբրիելյանը հրաժարվի այս գործից։
«Ոտքի չեմ կանգնում, իսկ դատավորը երբեք չի հարցրել, թե ինչո՞ւ չեմ կանգնում ոտքի, բայց ոտքի չկանգնելու համար ես հեռացված եմ դատական նիստերի դահլիճից։ Այդ հարցն առ այսօր ինձ դատարանը չի տվել։ Հետևաբար ես ինքնաբացարկի միջնորդություն եմ ներկայացնում դատավորին», - հայտարարեց Կյուրեղյանը։
Գործով նիստին ներկա մյուս ամբաստանյալները միացան միջնորդությանը։
Դատավորը մեկ ժամով հեռացավ խորհրդակցական սենյակ դատական ակտ կայացնելու։
Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:
Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման փաստով 14 և 18 մեղադրյալների մասերով երկու առանձին դատավարություն է ընթանում՝ նույն դատավորի նախագահությամբ: Զինված խումբը մեղադրվում է գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։ Երեք ոստիկանների սպանության համար մեղադրվում են խմբի անդամներից երկուսը: