Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը՝ չնայած հայրենիքում իր հասցեին հնչող կոշտ քննադատություններին, մտադիր չէ հրաժարվել ռուսական նավթային հսկա «Ռոսնեֆտի» դիտորդական խորհրդի կազմում իրեն առաջարկվող պաշտոնից։
«Ես կանեմ դա։ Խոսքը իմ կյանքի մասին է, և այստեղ ես եմ որոշում կայացնում, այլ ոչ թե գերմանական մամուլը», - «Դոյչե Վելլեի» փոխանցմամբ, երեկ Ներքին Սաքսոնիա դաշնային երկրամասում նախընտրական միջոցառման ժամանակ հայտարարել է Շրյոդերը։
Իր որոշումը գերմանական կառավարության նախկին ղեկավարը պայմանավորում է «Գերմանիան և Եվրոպան էներգետիկ անկախ դարձնելու» ձգտումով։
Աղբյուրի համաձայն Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Շրյոդերը, ով ի դեպ հայտնի է Ռուսաստանի նախագահի հետ ընկերական կապերով, այդպես էլ չի հստակեցրել՝ կզբաղեցնի արդյոք Եվրամիության կողմից պատժամիջոցների ենթարկված «Ռոսնեֆտի» դիտորդական խորհրդի նախագահի պաշտոնը։