Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպան․ Ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ ինքնիշխան որոշումներ կայացնելու համար


ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի նախօրեին հրապարակածը Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրների կողմից վերահաստատված սկզբունքներն են, որոնք Հայաստանի կառավարությունը հիմք է ընդունել ղարաբաղյան բանակցությունների համար: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզը:

«Այո, դեսպան Հոգլանդը երեկ խոսել է և վերահաստատել տևական ժամանակ գոյություն ունեցող սկզբունքները, որ մենք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, որպես ԱՄՆ կառավարություն ասել ենք՝ դրանք հիմք կհանդիսանային Լեռնային Ղարաբաղի հակամարտության որևէ կարգավորման համար: Երկու կետ կնշեմ դեսպան Հոգլանդի մեկնաբանությունների վերաբերյալ: Առաջին՝ սա տևական ժամանակ գոյություն ունեցող սկզբունքների մասին կրկին արված հայտարարություն է, որի մասին նշել էր ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ Ուորլիքը 2014-ին: Վեց սկզբունքները, որոնք նա հրապարակեց, արտահայտում են տևական ժամանակ գոյություն ունեցող սկզբունքները, որոնք վերահաստատվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրների, մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից: Եվ Հայաստանի կառավարությունը նույնպես դրանք ընդունել է որպես հակամարտության կարգավորման բանակցությունների հիմք: Ես նաև կվերահաստատեի, որ սկզբունքները ամբողջական են», - շարունակեց Միլզը:

Նախօրեին դեսպան Հոգլանդի ներկայացրած փաստաթղթի համաձայն, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է փոխհամաձայնեցված և իրավականորեն պարտադիր կամարտահայտության միջոցով, Լեռնային Ղարաբաղի հարակից «օկուպացված տարածքները» պետք է վերադարձվեն Ադրբեջանին, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքը պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի ապահովի անվտանգ անցում, սակայն չի կարող ընդգրկել Լաչինի շրջանն ամբողջությամբ, պետք է ճանաչվեն փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու իրավունքը, և վերջապես՝ ցանկացած պարագայում Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն է իրականացվելու:

«Որոշ մեկնաբանությունների եմ հանդիպել սոցիալական ցանցերի հայաստանյան հատվածում, լրատվամիջոցներում՝ ի պատասխան դեսպան Հոգլանդի հայտատարության, որոնք առանձնացնում են որոշ սկզբունքներ: Ուղղակի կասեմ, որ բոլոր այդ սկզբունքները բանակցությունների առարկա են, մեկը մյուսից ավելի կարևոր չէ, որևէ նշան չկա, որ մեկը ավելի շուտ է կյանքի կոչվելու, քան մյուսը: Այդ բոլորը մի փաթեթի մաս են, և սխալ կլինի կենտրոնանալ մեկ սկզբունքի վրա, երբ դիտարկում եք կարգավորման համար անհրաժեշտ այս առանցքային սկզբունքները», - նշեց դեսպանը:

Ռիչարդ Հոգլանդին փոխարինելու է Էնդրյու Շեֆերը: Հարցին, թե նոր համանախագահի օրոք արդյոք փոխվելու է ԱՄՆ մոտեցումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, դեսպան Միլզը պատասխանեց․ - «Մինսկյան գործընթացի նկատմամբ ԱՄՆ հանձնառությունը անփոփոխ է մնում, մեր հանձնառությունը՝ նպաստել մի լուծման, որի շուրջ կողմերը կարող են համաձայնվել, անփոփոխ է մնում: Իմ գործընկեր Էնդրյու Շեֆերը իր պարտականությունների ստանձնմանը անցնելու է Վիեննայում իր ներկայիս պաշտոնից: Նա շատ բանիմաց դիվանագետ է և, ինչպես իր նախորդները, շարունակելու է աշխատել՝ աջակցելու [կարգավորման] գործըթնացին»:

Միացյալ Նահանգների դեսպանից հետաքրքրվեցինք, թե ռուս-ամերիկյան հարաբերություններում նկատվող լարվածությունը ինչ անդրադարձ է ունեցել Հայաստանի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունների վրա: Ռիչարդ Միլզի արձագանքը․ - «Հայաստանը լավ աշխատանք է տանում՝ հավասարակշռելով հարաբերությունները իր բոլոր հարևանների՝ ներառյալ Ռուսաստանի, Իրանի, Միացյալ Նահանգների ու Եվրամիության հետ: Հայաստան գալուն պես իմ դիրքորոշումը հստակ է եղել՝ ԱՄՆ-ն Հայաստանի հետ իր հարաբերությունները երբեք չի դիտարկել որպես «զրո» արդյունքով մի խաղ, այսինքն՝ մեր հարաբերությունները պետք է ավելի ամուր, խորը լինեն, սակայն այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունները պետք է վատանան: Դա երբեք չի եղել ԱՄՆ կառավարության նպատակը, և չեմ կարծում, որ դա Հայաստանի կառավարության նպատակն է: Բայց պետք է հստակ լինեմ՝ պարզորոշ ասել ենք, որ մեր նպատակն է համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում: Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ, և վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի՝ հետևելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ: Կարծում եմ, լավ օրինակ ունենք Հայաստանի ունակության առումով՝ հավասարակշռելու իր շահերը և աշխատելու Միացյալ Նահանգների հետ: Դա Հայաստանի մասնակցությունն էր Վրաստանում կայացած ՆԱՏՕ-ի «Ազնիվ գործընկեր» զորավարժություններին, որոնք այս օգոստոսի սկզբին էին: Հայաստանը պետք է հպարտ լինի, որ ՀԱՊԿ միակ անդամն էր, որ մասնակցեց այդ զորավարժություններին և շատ կարևոր ներդրում ունեցավ՝ ապահովելով բժշկական ծառայությունը, որը սպասարկում էր մասնակից բոլոր երկրներին: Դա օգնեց Հայաստանի զինված ուժերին, այդ զորավարժություններին ու Եվրոպայում անվտանգության ապահովմանը»:

«Այս մարտին ամերիկյան կողմի աջակցությամբ Հայաստանի պաշտպանության նախարարության «Զառ» ուսումնական կենտրոնում սկսվեցին վերանորոգման աշխատանքները: Արդյո՞ք այս պարագայում հայ-ամերիկյան համագործակցությունը սահմանփակվելու է վերանորոգման աշխատանքներով, թե՞ կենտրոնի վերանորոգումից հետո ամերիկյան կողմը հնարավոր է իր մասնակցությունը ունենա ուսումնական ծրագրերում, վարժանքների իրականացման գործում»․ այս հարցին Միացյալ Նահանգների դեսպանը պատասխանեց․ - «Ուրախ եմ, որ անդրադաձաք վարժանքների այդ կենտրոնին, որը մեր օգնությամբ վերանորոգվում է, և ուր իր վարժանքներն է անցկացնելու Հայաստանի խաղաղապահ բրիգադը: Հայաստանի խաղաղապահ բրիգադը և նրա ներգրավվածությունը Աֆղանստանում, Կոսովայում, Լիբանանում, միջազգային դիվանագիտության մեջ Հայաստանի աճող կարևորության և միջազգային անվտանգության համար արված Հայաստանի ներդրման իրական չափանիշն է: Մեր ռազմական համագործակցությունը ավելի լայն է, քան վարժանքների այդ կենտրոնի շուրջ աշխատանքներն են կամ մեր աշխատանքը հայաստանյան խաղաղապահ բրիգադի հետ: Մենք կենտրոնացած ենք Հայաստանի զինված ուժերի հետ համագործակցության լայն շրջանակի ուղղությամբ: Կենտրոնացած ենք երեք ընդգրկուն ոլորտների ուղղությամբ: Առաջին՝ ռազմական ոլորոտում մեր ֆինանսավորման ծրագիրն է: 2002-ից, երբ մեր ռազմական համագործակցությունը իրապես խորացավ, մենք 49 միլիոն դոլար ենք հատկացրել Հայաստանի զինված ուժերի համար սարքավորումների ձեռքբերման նպատակով՝ սկսած անհատական պաշտպանության միջոցներից մինչև ռադիոկապի միջոցներ և բժշկական սարքավորումներ: Մենք ունենք միջազգային ռազմական ուսումանական ծրագիր, և 2002-ից հատկացրել ենք 7.5 միլիոն դոլար՝ ապահովելու հայաստանյան 200 սպաների, ենթասպաների և Պաշտպանության նախարարության քաղաքացիական աշխատակիցների ուսուցանումը ԱՄՆ ռազմական ինստիտուտներում, ակադեմիաներում՝ սկսած Ազգային ռազմական քոլեջից մինչև Գլխավոր շտաբի քոլեջ: Եվ վերջապես, համագործակցության երրորդ բաղկացուցիչը հումանիտար աջակցության ծրագիրն է: Գերզանցապես Կանզասի ազգային գվարդիայի միջոցով մեր հումանիտար աջակցության ռազմական միավորումները գալիս են Հայաստան և աշխատում են մանկատների, դպրոցների վերանորոգման, բնակավայրերի ջրամատակարարման բարելավման ուղղությամբ: 2002 թվականից 5 միլիոն դոլար ենք հատկացրել այդ ծրարգրերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG