Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հետ հարցազրույցի ամբողջական տեքստը


«Ազատություն»․ - ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Հոգլանդը հրապարակեց տարրեր, որոնք վերցված են մադրիդյան սզկբունքներից: Արդյոք Ռիչարդ Հոգլանդի հրապարակածն այժմ բանակցությունների սեղանին է:

Ռիչարդ Միլզ․ - Նախ՝ թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս զրույցի համար: Այո, դեսպան Հոգլանդը երեկ խոսել է և վերահաստատել՝ տևական ժամանակ գոյություն ունեցող սկզբունքները, որ մենք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, որպես ԱՄՆ կառավարություն ասել ենք՝ դրանք հիմք կհանդիսանային Լեռնային Ղարաբաղի հակամարտության որևէ կարգավորման համար: Երկու կետ կնշեմ դեսպան Հոգլանդի մեկնաբանությունների վերաբերյալ: Առաջին՝ սա տևական ժամանակ գոյություն ունեցող սկզբունքների մասին կրկին արված հայտարարություն է, որոնց մասին նշել էր ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ Ուորլիքը 2014թ․: Վեց սկզբունքները, որոնք նա հրապարակեց, արտահայտում են տևական ժամանակ գոյություն ունեցող սկզբունքները, որոնք վերահաստատվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրների, մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից: Եվ Հայաստանի կառավարությունը նույնպես դրանք ընդունել է որպես հակամարտության կարգավորման բանակցությունների հիմք: Ես նաև կվերահաստատեի, որ սկզբունքները ամբողջական են: Որոշ մեկնաբանությունների եմ հանդիպել սոցիալական ցանցերի հայաստանյան հատվածում, լրատվամիջոցներում՝ ի պատասխան դեսպան Հոգլանդի հայտատարության, որոնք առանձնացնում են որոշ սկզբունքներ: Ուղղակի կասեմ, որ բոլոր այդ սկզբունքներ բանակցությունների առարկա են, մեկը մյուսից ավելի կարևոր չէ, որևէ նշան չկա, որ մեկը ավելի շուտ է կյանքի կոչվելու, քան մյուսը: Այդ բոլորը մի փաթեթի մաս են, և սխալ կլինի կենտրոնանալ մեկ սկզբունքի վրա, երբ դիտարկում եք կարգավորման համար անհրաժեշտ այս առանցքային սկզբունքները:

«Ազատություն»․ - Ճի՞շտ եմ հասկանում, որ դեսպան Հոգլանդը հրապարակել է ամբողջ փաթեթը, և ի՞նչ դիրքորոշում ունեն Հայաստանի իշխանությունները այս փաթեթի վերաբերյալ:

Ռիչարդ Միլզ․ - Կրկին՝ ինչ հրապարակել է դեսպան Հոգլանդը, նորություն չէ: Սրանք այն սկզբունքներն են, որ դեսպան Ուորլիքն է հրապարակել 2014թ․, երբ նա ծավալուն ելույթ ունեցավ Վաշինգտոնում «Քարնեգի» ինստիտուտում: Չեմ կարող խոսել դեսպան Հոգլանդի անունից, սակայն գիտեմ, որ նրա պաշտոնավարման ժամկետը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում ժամանակավոր համանախագահ, շուտով ավարտվում է, և կարծում եմ՝ քանի որ նա հեռանում և նոր համանախագահ է գալիս, նա կարևոր է համարել, որպեսզի կրկին ընդգծվի՝ սրանք են այն սկզբունքները, որոնց շուրջ բոլոր կողմերը համաձայնել են և մեր մոտեցումն էլ շարունակում է նույնը մնալ, որ այս սկզբուքնները հիմք են ցանկացած բանակցված կարգավորման համար:

«Ազատություն»․ - Ռիչարդ Հոգլանդին փոխարինելու է Էնդրյու Շեֆերը: Նոր համանախագահի օրոք արդյոք փոխվելո՞ւ է ԱՄՆ մոտեցումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

Ռիչարդ Միլզ․ - Մինսկյան գործընթացի նկատմամբ ԱՄՆ հանձնառությունը անփոփոխ է մնում, մեր հանձնառությունը՝ նպաստել մի լուծման, որի շուրջ կողմերը կարող են համաձայնվել, անփոփոխ է մնում: Իմ գործընկեր Էնդրյու Շեֆերը իր պարտականությունների ստանձնմանը անցնելու է Վիեննայում իր ներկայիս պաշտոնից: Նա շատ բանիմաց դիվանագետ է և, ինչպես իր նախորդները, շարունակելու է աշխատել՝ աջակցելու կարգավորման գործըթնացին:

«Ազատություն»․ - Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերջին անգամ մեկ տարի առաջ են հանդիպել՝ Սանկտ-Պետեռրբուրգում: Միևնույն ժամանակ, սահմանին, շփման գծում ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինեում լարվածության աճին: Ինչպե՞ս կգնահատեք․․․ այժմ ինչպիսի՞ իրավիճակ է Լեռնային Ղարաբաղում, շփման գծում և ի՞նչ կարելի է սպասել առաջիկայում:

Ռիչարդ Միլզ․ - Համաձայն եմ ձեզ հետ: Մենք մտահոգված էինք, այս ամռան սկզբում ականատես եղանք շփման գծում բռնությունների, հռետորաբանության աճին, և մտահոգված էի, որ կարող է ողբերգական ամառ լինել շփման գծի երկու կողմերի ժողովուրդների համար: Մենք՝ դեսպան Հոգլանդը, այլ համանախագահները շատ ուրախ էինք, որ ամռան ընթացքում շարունակության ականատեսը չդարձանք: Ամռան ընթացքում շփման գծում բռնությունների որոշակի անկում նկատվեց: Ինչպես գիտեք, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպելու են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Դա շատ կարևոր հանդիպում է: Շատ կարևոր է, որ երկու կողմերը շարունակում են բռնությունների, հռետորաբանության նվազեցումը: Սա լավ մթնոլորոտ է այդ հանդիպման համար, և երկու կողմն էլ կարող են գալ այդ հանդպամանը ու կենտրոնանալ առաջընթացի վրա:

«Ազատություն»․ - Ե՛վ Միացյալ Նահանգները, և՛ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներ են: Վերջին շրջանում ձեր հարաբերությունները աչքի չեն ընկնում ջերմությամբ, լարվածություն է նկատվում: Այդ լարվածությունը ինչ-որ կերպ անդրադառնու՞մ է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վրա:

Ռիչարդ Միլզ․ - Դուք ճիշտ եք: Կարծում եմ, որևէ մեկը, ով դիտարկում է ամերիկա-ռուսական ներկայիս հարաբերությունները տեղյակ է, ինչպես դուք դիվանագիտորեն նշեցինք, որ հարաբերությունները այնպիսին չեն, ինչպես Ամերիկան կցականար, որ լինեին: Բայց Միացյալ Նահանգների կառավարությունը, նախագահ Թրամփը, պետքարտուղար Թիլերսոնը հստակորեն նշել են, որ կան կարևոր հարցեր, որոնց շուրջ ռուսների և մեր դաշնակիցների հետ աշխատելու կարիք ունենք, և որտեղ այս հարցերը կարևոր են, մենք ընդհանուր նպատակներ ունենք և աշխատում ենք մեր ռուս գործընկերների հետ: Կարող եմ ձեզ վստահեցնել՝ այդ ուղղություններից մեկը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, մենք շարունակում ենք սերտորեն աշխատել ռուսաստանյան կողմի հետ: Խոսել եմ դեսպան Հոգլանդի հետ, և նա ինձ ասել է, որ անցած ամիսներին ռուսաստանցի համանախագահողի հետ հարաբերությունները չեն փոխվել: Նրանք շարունակում են հաճախ միասին աշխատել, ցուցաբերել ստեղածագործ մոտեցում, գաղափարներ: Եվ այս հարցի հետ կապված մենք դեռևս շարունակում ենք միասին շատ լավ աշխատել:

«Ազատություն»․ - Հայաստանը Ռուսաստանի հետ ունի դաշնակցային հարաբերություններ: Նույն ռազմա-քաղաքական դաշինքում ենք, նույն տնտեսական միության մեջ ենք: Ռուս-ամերիկյան հարաբերությունների այս սրված վիճակը ինչ-որ կերպ անդրադարձե՞լ է հայ-ամերիկյան հարաբերությունների վրա:

Ռիչարդ Միլզ․ - Հայաստանը լավ աշխատանք է տանում՝ հավասարակշռելով հարաբերությունները իր բոլոր հարևանների՝ ներառյալ Ռուսաստանի, Իրանի, Միացյալ Նահանգների ու Եվրամիության հետ: Հայաստան գալուն պես իմ դիրքորոշումը հստակ է եղել՝ ԱՄՆ-ն Հայաստանի հետ իր հարաբերությունները երբեք չի դիտարկել որպես «զրո» արդյունքով մի խաղ, այսինքն՝ մեր հարաբերությունները պետք է ավելի ամուր, խորը լինեն, սակայն այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունները պետք է վատանան: Դա երբեք չի եղել ԱՄՆ կառավարության նպատակը, և չեմ կարծում, որ դա Հայաստանի կառավարության նպատակն է: Բայց պետք է հստակ լինեմ՝ պարզորոշ ասել ենք, որ մեր նպատակն է համոզված լինել, որ Հայաստանը կարող է ինքնիշխան որոշումներ կայացնել, թե որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում: Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ, և վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի՝ հետևելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ: Կարծում եմ, լավ օրինակ ունենք՝ Հայաստանի ունակության առումով՝ հավասարակշռելու իր շահերը և աշխատելու Միացյալ Նահանգների հետ: Դա՝ Հայաստանի մասնակցությունն էր Վրաստանում կայացած ՆԱՏՕ-ի «Ազնիվ գործընկեր» զորավարժություններին, որոնք այս օգոստոսի սկզբին էին: Հայաստանը պետք է հպարտ լինի, որ ՀԱՊԿ միակ անդամն էր, որ մասնակցեց այդ զորավարժություններին և շատ կարևոր ներդրում ունեցավ՝ ապահովելով բժշակական ծառայությունը, որը սպասարկում էր մասնակից բոլոր երկրներին: Դա օգնեց Հայաստանի զինված ուժերին, այդ զորվարժություններին ու Եվրոպայում անվտանգության ապահովմանը:

«Ազատություն»․ - Ամերիկյան նոր պատժամիջոցները ինչ-որ կերպ կարո՞ղ են անդրադառնալ հայ օլիգարխներին:

Ռիչարդ Միլզ․ - Կարծում եմ, հարցը պետք է լիներ՝ հայ օլիգարխները ի՞նչ ազդեցություն ունեն Հայաստանի զարգացման վրա: Սա մի հարց է, որի մասին Հայաստանի իշխանություններն ու ժողովուրդը պետք է մտածեն: ԱՄՆ պատժամիջոցները, որոնք Կոնգրեսը ընդունեց, ուղղված են Ռուսաստանի դեմ և թիրախավորում են Ռուսաստանի տնտեսության որոշակի հատվածներ ու անհատների: Դեռ վաղ է հետևություն անել, թե այդ պատժամիջոցները ինչ ազդեցություն կունենան Ռուսաստանի նկատմամբ, սակայն գիտեմ որ ձեռնարկում ենք բոլոր հնարավոր քայլերը՝ վստահ լինելու, որ պատժամիջոցները կհասնեն իրենց նպատակին: Մենք նպատակ չունենք, որպեսզի այդ պատժամիջոցները ազդեն Հայաստանի տնտեսության, կամ Հայաստանում մեր գործընկերների վրա:

«Ազատություն»․ - Այս մարտին ամերիկյան կողմի աջակցությամբ Հայաստանի Պաշտպանության նախարարության «Զառ» ուսումնական կենտրոնում սկսվեցին վերանորոգման աշխատանքները: Արդյո՞ք այս պարագայում հայ-ամերիկյան համագործակցությունը սահմանփակվելու է վերանորոգման աշխատանքներով, թե՞ կենտրոնի վերանորոգումից հետո ամերիկյան կողմը հնարավոր է իր մասնակցությունը ունենա ուսումնական ծրագրերում, վարժանքների իրականացման գործում:

Ռիչարդ Միլզ․ - Ուրախ եմ, որ անդրադաձաք վարժանքների այդ կենտրոնին, որը մեր օգնությամբ վերանորոգվում է և ուր իր վարժանքներն է անցկացնելու Հայաստանի խաղաղապահ բրիգադը: Հայաստանի խաղաղապահ բրիգադը և նրա ներգրավվածությունը Աֆղանստանում, Կոսովայում, Լիբանանում, միջազգային դիվանագիտության մեջ Հայաստանի աճող կարևորության և միջազգային անվտանգության համար արված Հայաստանի ներդրման իրական չափանիշն է: Մեր ռազմական համագործակցությունը ավելի լայն է, քան վարժանքների այդ կենտրոնի շուրջ աշխատանքներն են կամ մեր աշխատանքը հայաստանյան խաղաղապահ բրիգադի հետ: Մենք կենտրոնացած ենք Հայաստանի զինված ուժերի հետ համագործակցության լայն շրջանակի ուղղությամբ: Կենտորնացած ենք երեք ընդգրկուն ոլորտների ուղղությամբ: Առաջին՝ ռազմական ոլորոտում մեր ֆինանսավորման ծրագիրն է: 2002թ․-ից, երբ մեր ռազմական համագործակցությունը իրապես խորացավ, մենք 49 միլիոն դոլար ենք հատկացրել Հայաստանի զինված ուժերի համար սարքավորումների ձեռքբերման նպատակով՝ սկսած անհատական պաշտպանության միջոցներից մինչև ռադիոկապի միջոցներ և բժշկական սարքավորումներ: Մենք ունենք միջազգային ռազմական ուսումանական ծրագիր, և 2002թ․-ից հատկացրել ենք 7.5 միլիոն դոլար՝ ապահովելու հայաստանյան 200 սպաների, ենթասպաների և պաշտպանության նախարարության քաղաքացիական աշխատակիցների ուսուցանումը ԱՄՆ ռազմական ինստիտուտներում, ակադեմիաներում՝ սկսած Ազգային ռազմական քոլեջից մինչև Գլխավոր շտաբի քոլեջ: Եվ վերջապես, համագործակցության երրորդ բաղկացուցիչը հումանիտար աջակցության ծրագիրն է: Գերազանցապես Կանզասի ազգային գվարդիայի միջոցով մեր հումանիտար աջակցության ռազմական միավորումները գալիս են Հայաստան և աշխատում են մանկատների, դպրոցների վերանորոգման, բնակավայրերի ջրամատակարարման բարելավման ուղղությամբ: 2002թ․-ից 5 միլիոն դոլար ենք հատկացրել այդ ծրագրերին:

«Ազատություն»․ - Ես ճի՞շտ հասկացա, որ ռազմական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը հատկապես խորացավ անցած տարի ապրիլյան պատերազմից հետո և առաջիկայում ի՞նչ նորություններ են մեզ սպասում այս ոլորտում:

Ռիչարդ Միլզ․ - Մեր ռազմական հարաբերությունները կայուն և ջերմ են եղել անցած մի քանի տարիների ընթացքում: Ապրիլին տեղի ունեցած ողբերգական բախումներից հետո մենք հանդիպումներ ունեցանք պաշտպանության նախարարության մեր գործընկերների հետ՝ քննարկելու տեղի ունեցածից արված հետևությունները: Դա վերաբերում էր, մասնավորապես, զինված ուժերի կառուցվածքին, հրամանատարությանը, ներքին հաղորդակցությանը, և քննարկեցինք մեր հնարավոր աջակցությունը, ելնելով ամերիկյան զինված ուժերի փորձից, երբ նրանք՝ բախումներից, մարտական իրավիճակներից հետո զեկույցներ են պատրաստում և վերլուծում են ամեն կոնկրետ դեպքում արված հետևությունները:

«Ազատություն»․ - Եվ ինչպիսի՞ն էր նրանց արձագանքը։

Ռիչարդ Միլզ․ - Պաշտպանության նախարարությունում մեծ հետաքրքրություն կար: Մենք արդեն նման ծրագիր ունեինք, բայց ապրիլից հետո այդ ծրագրի կարևորությունն աճեց: ԱՄՆ-ի Եվրոպական ուժերի հրամանատարը ապրիլյան դեպքերից հետո ժամանեց Հայաստան և ի թիվս այլ հարցերի նաև այս հարցն էր քննարկում այն ժամանակվա պաշտպանության նախարարի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ, թե մենք ինչպես կարող ենք օգնել զինված ուժերին դասեր քաղել ապրիլին տեղի ունեցածից: Կուզենայի ձեր հեռուստադիտողների համար մի բան պարզաբանել՝ հայկական զինված ուժերին մեր կողմից տրամադրվող աջակցությունը հիմնվում է մեկ սկզբունքի վրա՝ մենք ցանկանում ենք օգնել, որպեսզի զինված ուժերը կարողանան ապահովել հայ ժողովրդի, հայոց պետականության անվտանգությունը: Մենք նաև օգնության այլ ծրագրեր ենք իրականացնում, որպեսզի զարգացնենք հայկական զինված ուժերի պաշտպանունակությունը: Մեր դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հարձակողական զենքերի վաճառքը նպատակահարմար չէ: Կարծում եմ դա մի հարց է, որտեղ մենք տարաձայնություններ ունենք Ռուսաստանի հետ:

«Ազատություն»․ - Եթե կողմերից մեկը գար, 5 միլիարդ դոլար դներ սեղնին և ասեր՝ ես ուզում եմ Ձեզ հետ բիզնես անել, ինչպես ռուս պաշտոնյաներն են ասում, և խնդրում եմ վաճառեք մեզ հարձակողական զենքեր, կարծում եք Միացյալ Նահանգները կհրաժարվե՞ր:

Ռիչարդ Միլզ․ - Ես կարող եմ վստահեցնել, որ մեր ներկայիս քաղաքականության համաձայն մենք այդ առաջարկը կմերժեինք:

«Ազատություն»․ - Անցած ամիս ԱՄՆ Կոնգրեսում բավականին հետաքրքիր քննարկում եղավ. Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան պարոն Հեֆերնը հայտարարեց, որ Պետդեպարտամենտում ակտիվորեն քննարկվում է Հայաստանի հետ կրկնակի հարկումը բացառող պայմանագիրը: Հայաստանի ֆինանսների նախարարն էլ ասաց, որ հոկտեմբերին պատրաստվում է այդ հարցը ներկայացնել հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովում: Ես ուզում եմ հասկանալ՝ ամերիկյան կողմը ի՞նչ մոտեցում ունի այդ պայմանագրի հետ կապված: Նկատի ունեմ կրկնակի հարկումը բացառող պայմանագիրը:

Ռիչարդ Միլզ․ - Ինչպես ասել է դեսպան Հեֆերնը, կրկնակի հարկման մասին պայմանագրի հետ կապված որոշումը կայացնելու է Գանձապետական դեպարտամենտը: Նման որոշում կայացնելիս նրանք հիմնվում են նման պայմանագրի անհրաժեշտության վրա: Մենք ունենք գործող պայմանագիր կրկնակի հարկման վերաբերյալ, որը գործում է Խորհրդային ժամանակներից: Մենք դեռևս չենք լսել որևէ ամերիկյան ընկերության, գործարարի, ներդրողի մասին, ով չկարողանար գործարք կնքել կամ առք ու վաճառք իրականացնել առկա և գործող պայմանագրի սահմանափակումների պատճառով, կամ որովհետև այն չի համապատասխանում 21-րդ դարի պահանջներին: Եթե նման դեպք արձանագրվի, եթե պարզվի, որ կա նման ընկերություն, որը չի կարողանում գործարք կնքել կամ խնդիրների առաջ է կանգնել, մենք անպայման կառաջարկենք, որպեսզի Գանձապետական դեպարտամենտը առաջնահերթության կարգով քննարկի կրկնակի հարկումը բացառող պայմանագիրը: Սակայն առայժմ մենք որևէ փաստ չունենք, որ նման խնդիրներ կան:

«Ազատություն»․ - Պարոն դեսպան, այդ համաձայնագիրը կնքվել է 1973 թվականին և բազմաթիվ գործարարների կարծիքով այն պարզապես խոչընդոտում է երկու երկրների միջև առևտուրը: Մյուս կողմից, երբ նայում ենք հայ-ամերիկյան առևտրի տվյալներին, տեսնում ենք, որ անցած տասը տարվա ընթացքում այն նվազել է: Օրինակ՝ 2006 թվականին 171.7 միլիոն էր, 2011 թվականին 248.7, իսկ անցած տարի 126,8 միլիոն: Հայ-ամերիկյան տնտեսական, առևտրատնտեսական հարաբերությունների զրագացումը նաև Ձեր առաջնահերթություններից մեկն է: Ի՞նչ է անում ամերիկյան կողմը այս իրավիճակը շտկելու համար, որպեսզի այդ հարաբերությունները զարգանան, խորանան:

Ռիչարդ Միլզ․ - Նախ ասեմ, որ եթե մտածեի, որ կրկնակի հարկումը բացառող նոր համաձայնագիրը անհրաժեշտ է այդ թվերը բարելավելու համար, և որ դրանք անկում են ապրել համաձայնագրի պատճառով, դա կդառնար առաջնահերթություն դեսպանատան և ԱՄՆ կառավարության համար: Ինչպես ասացի՝ իմ ունեցած տվյալներով խնդիրը դրանում չէ: Միևնույն ժամանակ, իմ ունեցած տվյալներով, նվազման պատճառը այն խնդիրներն են, որոնք քննարկվում են մեր Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի ներքո ձևավորված խորհրդում: Սա մի համաձայնագիր է, որը մենք Հայաստանի կառավարության հետ ստորագրել ենք 2015 թվականին, որը շատ կոնկրետ և կարևոր գործիք է երկու երկրների միջև առևտուրը և ներդրումները ավելացնելու համար: Սա մի հարթակ է, որ մենք հիմնել ենք Հայաստանի կառավարության և ամերիկյան ու հայաստանյան գործարար հանրության հետ: Մենք հարցնում ենք՝ որո՞նք են պատճառները, որ առևտուրը չի աճում, որո՞նք են խնդիրները, արդյոք դրանք կապվա՞ծ են մաքսային ծառայության հետ, կապվա՞ծ են սննդի անվտանգության չափանիշների հետ: Պետք է ասեմ՝ այն ինչ լսել եմ ամերիկյան գործարարներից, հետևյալն է՝ խոչընդոտը Հայաստանում առկա միջավայրն է, խոչընդոտը՝ մաքսային ծառայության հետ կապված մտահոգություններն են, խոչընդոտը՝ խաղի հավասար պայմանների վերաբերյալ մտահոգություններն են: Կարո՞ղ եք արդյոք վստահ լինել, որ եթե գործարարության հետ կապված վեճ ունենաք, դատական համակարգը արդար ու անկախ կլինի, և Հայաստանում գործող բոլոր գործարարներին հավասար կերպով կդատի: Այժմ միջազգային վարկանիշային աղյուսակներում Հայաստանը մի համբավ ունի, ըստ որի այստեղ բավականաչափ դյուրին կարող եք նոր գործ սկսել, ներդրում կատարել: Գովելի է` Հայաստանի կառավարության այս ձեռքբերումը, որ ստեղծվել է մի մթնոլորտ, ուր գործ սկսելը դյուրին է և պարզ: Խնդիրները ծագում են, երբ գործարարները գալիս են Հայաստան, սկսում են գործը և որոշակի հաջողություն են ունենում: Այնուհետև, ոմանք բախվում են հարկային որոշակի խնդիրների, մաքսային խնդիրների, կամ գործարար վեճ ունեն և հայաստանյան արդարադատության կարիքն ունեն, ու նրանց մոտ վստահություն չկա, որ տեղի դատական համակարգը արդարադատություն կցուցաբերի: Կարող եմ ձեզ ասել, որ եթե անդրազգային մեծ ընկերությունները ցանկանան գալ այստեղ, կասեմ՝ եկեք, այստեղ մեծ հնարավարություններ կան, և հայաստանյան գործարար մշակույթը, հմուտ աշխատուժը շատ գրավիչ պատճառ են, որպեսզի ամերիկյան գործարարաները գան այստեղ, որովհետև վստահ եմ՝ այդ ընկերությունները, որոնք առևտուր, գործունեություն են ծավալում ամբողջ աշխարհում, գիտեն, թե իրենց ինչպես պետք է պահեն այստեղ, ունեն համապատասխան ռեսուրսներ և կարող են իրենց խնդիրները լուծել այստեղ: Սակայն, անկեղծ ասած, ընկերությունների մեծ մասը, որոնք ցանկանում են գալ այստեղ, որոնք այս շուկան գրավիչ են համարում, ավելի փոքր են: Այդ ընկերությունները ցանկանում են 4-5 միլիոն դոլար ներդնել և ստեղծել, ասենք, չորացված մրգերի վերամշակման գործարան կամ որևէ ամերիկյան ռեստորանի կամ հյուրանոցի ֆրենչայզը հիմնել: Այդ մարդիկ չունեն մեծ ընկերությունների փորձառությունը, և ես նրանց համար եմ առավել մտահոգվում և խորհուրդ եմ տալիս կապ պահպանել դեսպանության հետ և քննարկել իրենց ծրագրերը մեզ հետ: Այստեղ կարելի է ձեռնարկատիրությամբ զբաղվել, բայց դուք պետք է զգույշ լինեք և կարողանաք գտնել ձեր ուղին: Ես ողջունում եմ Հայաստանի վարչապետի կատարած քայլերը, կարծում եմ նա և իր կառավարությունը հասկանում են, որ այս գործարար միջավայրը փոխելը շատ կարևոր է, և հարկավոր է թե՛ ամերիկյան, և թե՛ բոլոր գործարարներին առհասարակ՝ չինացի, եվրոպացի կամ ռուս, վստահություն ներշնչել: Դա շատ կարևոր է, և նա դա առաջնահերթություն է դարձրել: Ես տպավորված եմ մինչև այժմ այս ուղղությամբ նրա կատարած քայլերից:

«Ազատություն»․ - Ռուսաստանում ոչ-ներգաղթային վիզաների տրամադրման սահմանափակումը ինչպե՞ս կարող է անդրադառնալ Հայաստանում ամերիկյան դեսպանատան, հյուպատոսության աշխատանքի վրա:

Ռիչարդ Միլզ․ - Շնորհակալություն այդ հարցի համար, որովհետև համացանցում և սոցցանցերում այդ մասին որոշ ապատեղեկատվություն է տարածվել: Քանի որ Ռուսաստանի կառավարությունը պահանջեց նվազեցնել ամերիկյան դեսպանատանը և հյուպատոսարաններում աշխատող անձնակազմը, դա իր ազդեցությունը կունենա մեր կողմից ոչ-ներգաղթային վիզաների տրամադրման վրա: Սեպտեմբերի 1-ից հետո Ռուսաստանի քաղաքացիները Ռուսաստանում կկարողանան վիզաներ ստանալ միայն Մոսկվայի դեսպանատնից: Մեր մյուս երեք հյուպատոսարաններում հնարավոր չի լինի վիզաների դիմումներ ներկայացնել: Բայց Ռուսաստանի քաղաքացիների կամ ռուսների համար վիզաներ տրամադրելու որևէ արգելք կամ սահմանափակում չկա: Ռուսաստանցիները կարող են վիզաներ ստանալու դիմում ներկայացնել նաև սեպտեմբերի 1-ից հետո՝ Մոսկվայի դեսպանատանը, կամ նրանք կարող են դիմել աշխարհի ցանկացած այլ ամերիկյան դեսպանատուն, որը նրանց համար ավելի հարմար կլինի: Երևանում ամերիկյան դեսպանատանն առնչվող հարցն այն է, թե արդյո՞ք Ռուսաստանի որոշ քաղաքացիներ պատրաստ են այցելել Երևան և այստեղ դիմում ներկայացնել՝ Մոսկվա գնալու փոխարեն, որովհետև կարծում եմ այնտեղ բավական մեծ հերթեր են ձևավորվելու վիզա ստանալու համար և այստեղ` Երևանում, դա կարող է ավելի արագ ստացվել: Մենք պարզապես չգիտենք, թե դա ինչպիսի ազդեցություն կունենա: Բայց ո՞վ գիտի, եթե ավելի շատ ռուսներ ժամանեն Հայաստան վիզա ստանալու համար, գուցե դա կարող դրական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի համար, եթե նրանք այստեղ որոշ գումարներ ծախսեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG