Ֆինլանդիայի կենտրոնական քրեական ոստիկանությունը հաղորդում է, որ ուրբաթ օրը Տուրկու քաղաքում անցորդների վրա դանակի գործադրմամբ իրականացված հարձակումը հետաքննվում է որպես ահաբեկչություն:
Հաղորդվում է, որ անցած գիշերվա ընթացքում լրացուցիչ տվյալներ են ձեռք բերվել, ինչը թույլ է տալիս հարձակումը որակել ահաբեկչություն: «Ոստիկանությունը պարզել է հարձակվողի ինքնությունը: Նա Մարոկոյի 18-ամյա քաղաքացի է»,- նշված է հաղորդագրությունում:
Ուրբաթ օրը այդ հարձակման հետևանքով Ֆինլանդիայի երկու թաղաքացի է զոհվել, ևս ութ մարդ վիրավորվել է՝ այդ թվում Իտալիայի մեկ ու Շվեդիայի երկու քաղաքացիներ: Ոստիկանությունը կրակ է բացել, հարձակվողին վիրավորելով ոտքից: Վերջինս ձերբակալված է: Գիշերվա ընթացքում ևս չորս մարդ է ձերբակալվել, պարզվում է նրանց առնչությունբ ահաբեկչությանը:
Հելսինկիի օդնանավակայանում, երկաթուղային կայարաններում, նավահանգիստներում այժմ ուժեղացված հսկողություն է իրականացվում: