Մատչելիության հղումներ

Մեկ տարի առաջ լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունը առայժմ մնում է անպատիժ


Իրավապաշտպաններն արձանագրում են, որ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի գրավման օրերին շուրջ երեք տասնյակ լրագրողների ծեծելու կամ վնասվածք հասցնելու համար դեպքերից մեկ տարի է անցել, սակայն որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի փոխանցմամբ՝ նախորդ տարվա հուլիսյան իրադարձությունների ժամանակ վնասվածք ստացած 27 լրագրողներից 21-ն է Հատուկ քննչական ծառայության կողմից տուժող ճանաչվել:

Ւրավապաշտպանը նաև ընդգծեց, որ լրագրողների դեմ բռնություն գործադրելու համար վերջին ութ ամիսներին միայն մեկ անձ է ներգրավվել որպես մեղադրյալ, իսկ ընդհանուր առմամբ մեղադրանք առաջադրվել է 9 քաղաքացիական անձի, ընդ որում՝ նրանցից 7-ը միայն տուգանքների ենթարկվելով ազատվել են պատասխանատվությունից:

«Մարդը կարող է 200 հազար տուգանքով լրագրող ծեծել: Սարի թաղի և Խորենացում դեպքերի հետ կապված որևէ ոստիկանի մասին խոսք չի գնում, մինչդեռ հասկանալի է, որ այդ հատուկ միջոցները, որ կիրառվում էին, դրանք քաղաքացիական անձինք չէին կիրառում: Ընդ որում, մենք վկայություններից գիտենք, որ դա նպատակաուղղված է եղել՝ լրագրողներին և օպերատորներին մի տեղ են հավաքել և դրանից հետո կիրառել են հատուկ միջոցները: Քաղաքացիական անձինք դա անել չէին կարող: Այնպես որ, մենք շարունակում ենք պնդել, որ այս գործով տասնյակ ոստիկաններ, որոնք չարաշահել են իրենց լիազորությունները, պետք է պատասխանատվության ենթարկվեն», - հայտարարեց Մելիքյանը:

Նախորդ տարվա հուլիսի 29-ին Սարի թաղում դաժան ծեծի ենթարկված լրագրող Մարութ Վանյանը մինչև օրս առողջական խնդիրներ ունի, սակայն տուժող ճանաչվելուց ու ցուցմունք տալուց հետո Վանյանի դեմ բռնության գործով միայն դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: Որևէ մեղադրյալ չկա, առողջական ու տեխնիկական վնասներն էլ չեն փոխհատուցվել:

«Ուսապարկն էին վերցրել, որի մեջ իմ երկու կամերաներն էին, ու դրանից հետո դաժան ծեծի էին ենթարկել, մարմնիս տարբեր մասերում կապտուկներ ունեի, բայց հիմնականը աջ ոտքի սալջարդ ունեմ, որը փաստորեն մի տարի անց դեռ էդ ցավը զգում եմ: Որևէ փոխհատուցում չկա, որևէ մեկը չի բացահայտվել ու ակնկալիքներ էլ չունեմ, որ ինչ-որ բան արվելու է», - ասաց Վանյանը:

Վանյանի և նախորդ տարվա հուլիսյան իրադարձությունների ժամանակ տուժած այլ լրագրողները շահերը ներկայացնող փաստաբան Հայկուհի Հարությունյանի կարծիքով, իրավապահները ունեին բոլոր հնարավորությունները պարզելու լրագրողների դեմ բռնության հեղինակներին․ - «Փոքր տարածք է եղել և ոստիկանության ուժերով շրջափակված: Անձինք որպես այդպիսիք, հստակ նույնականացման ենթակա են․․․ Բայց նրանց վերաբերյալ որևէ գործողություն չկա: Մենք այս պահին չունենք նույնիսկ նույնականացված անձինք, որոնցով հնարավոր լիներ ինչ-որ առերեսում անել, որովհետև, ինչպես նշվեց, անգործություն է»:

Փաստաբանը վստահ է, որ լրագրողների դեմ բռնությունները համակարգված բնույթ ունեին, քանի որ խնդիր կար ոչնչացնել իրավախախտումներն ի ցույց դնող տեսանյութերը:

Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի հանձնվելուց հետո անդրադառնալով լրագրողների հետ տեղի ունեցածին՝ նախագահ Սերժ Սարգսյանը հորդորել էր մոռանալ տեղի ունեցածը, վստահեցնելով, որ արվելու են անհրաժեշտ հետևություններ․ - «Սա մեր ամենաէական բացթողումն էր այս օրերի ընթացքում: Բոլոր հետևությունները, անշուշտ, արվելու են: Ձեր ներողամտությունը հայցելով՝ միայն լրագրողների, բայց ոչ իրավապահների՝ խնդրում եմ մոռանալ այդ դեպքերի մասին, քանի որ իրոք վստահ եմ, որ այլևս նման բան չի կրկնվելու»:

Երևանի մամուլի ակումբի փորձագետ Արևհատ Գրիգորյանը նկատում է, որ լրագրողների դեմ բռնությունների գործերը միտումնավոր ձգձգվում են, ինչի արդյունքում շատերը հոգնում են արդարություն պահանջելուց․ - «Եթե նա պիտի ամիսներով, տարիներով, աշխատանքից կտրվելով, ընտանիքից կտրվելով, իր նյարդերը, ժամանակը տրամադրի և ոչնչի չհասնի․․․ բնականաբար լրագրողը չի գնում, և լրատվամիջոցը հետևողական չի լինում»:

Ամփոփելով՝ իրավապաշտպանները եզրակացրին, որ լրագրողների դեմ իրականացված բռնությունների գործով իրավապահ մարմինները համարժեք քայլեր չեն ձեռնարկում, ինչը կանաչ լույս է վառում հետագայում նման միջադեպերի կրկնության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG