«Խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններն ընդգրկող այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում խոսքի ազատության վիճակը հետընթաց է ապրել», - ընդգծեց Մելիքյանը: - «Ֆիզիկական բռնությունների առումով արձանագրվել է աճ․ եթե անցած տարվա առաջին կիսամյակում երեք ֆիզիկական բռնության դեպք էր, 2017 թվականին ութն են դրանք, ճնշումների և տարատեսակ խոչընդոտումների թիվը երեսուն էր առաջին կիսամյակում 2016 թվականի և ութսունինն է 2017 թվականի առաջին կիսամյակում: Տեսնում ենք, որ աճը գրեթե երեք անգամ է: Այս թվերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ մեզանում ընտրությունների ժամանակ ավելանում են ճնշումները և խոչընդոտումները լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ»:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցի համաձայն, այս տարվա ընտրական շրջափուլի ընթացքում լրագրողների դեմ կիրառված բռնություններն ու ճնշումները աննախադեպ էին նույնիսկ 2015 թվականի սահմանադրական հանրաքվեի, ինչպես նաև 2013 թվականի նախագահական ընտրությունների համեմատությամբ:
Իրավապաշտպան Աշոտ Մելիքյանի կարծիքով, նախորդ ընտրություններին լրագրողները թիրախավորվում էին խախտումները բացահայտելու համար․ - «Երկու ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տվողի և ընտրակաշառք վերցնողի միջև միակ առողջ ուժը լրագրողն էր, որը իր ներկայությամբ խոչընդոտում էր այդ գործընթացը, և հաճախ լրագրողներին ի ցույց էին դնում, ասում էին՝ հանգիստ գործընթաց է գնում, իսկ դուք էսպիսի պրովոկացիաներ եք անում»:
Նախորդ տարվա հուլիսի 29-ին Սարի թաղում քաղաքացիների ու ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 14 լրագրող էր տուժել։ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի հանձնվելուց հետո անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ նախագահ Սերժ Սարգսյանը ներողություն էր հայցել տուժած լրագրողներից՝ հորդորելով մոռանալ տեղի ունեցածը:
«Բոլոր հետևություններն անշուշտ արվելու են: Ձեր ներողամտությունը հայցելով՝ միայն լրագրողներին, բայց ոչ իրավապահներին, խնդրում եմ մոռանալ այդ դեպքերի մասին, քանի որ իրոք վստահ եմ, որ այլևս նման բան չի կրկնվելու», - հայտարարել էր Սերժ Սարգսյանը:
ԽԱՊԿ-ի զեկույցը ներկայացնող Աշոտ Մելիքյանն անդրադարձավ նաև իշխանության ներկայացուցիչների կողմից լրագրողների նկատմամբ առկա բացասական վերաբերմունքին՝ ընդգծելով, որ վերջերս Երևանի կենտրոնում տներից զրկված քաղաքացիների հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանն իր պահվածքով բացասական օրինակ ծառայեց:
«Կարող եմ հիշատակել ԱԺ հանրապետական պատգամավոր Միհրան Պողոսյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանին, որոնք որ իսկապես շատ արհամարհական և վիրավորական վերաբերմունք են ցուցաբերել իրենց սուր հարցեր ուղղած լրագրողների նկատմամբ», - հավելեց Մելիքյանը:
Ըստ Մելիքյանի ներկայացրած զեկույցի, երկու տարի առաջ «Էլեկտրիկ Երևան» ցույցի ժամանակ լրագրողների դեմ իրականացված բռնությունների գործով որևէ առաջընթաց չկա: Իսկ Սարի թաղի դեպքով այս տարվա առաջին կիսամյակում ընդամենը մեկ մեղադրյալ է ավելացվել:
Իրավապաշտպանի եզրահանգմամբ՝ հենց իրավապահների անհամաչափ գործողություններով ստեղծված անպատժելիությունն է լրագրողների դեմ ճնշումների և բռնության աճի պատճառը․ - «Հեղինակություն կոչեցյալները շատ ազատ են իրենց զգում և նրանք որոշ հիմքեր ունեն՝ տեսնելով, որ իրենցից շատ ավելի բարձրաստիճան մարդիկ, շատ ավելի ճանաչված մարդիկ զզվանքով, արհամարհանքով, վիրավորանքով․․․ էդպես են շփվում լրագրողների հետ: Եվ եթե նրանց կարելի է էդպես խոսել, ուրեմն իրենք կարող են նաև մի քանի ապտակ տալ, հայհոյել և այլն: Եվ նույնիսկ եթե իրավապահ մարմինները դա ֆիքսում են, նույնիսկ եթե իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցում, դա որևէ արդյունք չի տալիս»:
Զեկույցի համաձայն, այս տարվա առաջին կեսն աննախադեպ է եղել լրագրողների ու լրատվամիջոցների դեմ ներկայացված դատական հայցերի ալիքով: Ամենաշատ՝ թվով 34, հայց ԶԼՄ-ների դեմ եղել էր 2011-ին, սակայն այս տարվա առաջին վեց ամիսներին գրանցվել է 48 հայց: Դրանց մեծ մասը՝ 30-ը, դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հայցերն էին Դանիել Իոաննիսյանի դեմ, ում կազմակերպության հետ հեռախոսազրույցում 100-ից ավելի տնօրեններ պատմել էին, որ իշխող Հանրապետականի համար ընտրություններից առաջ ընտրողների ցուցակներ են կազմել: Օրեր առաջ բոլոր տնօրենները հայցերը հետ վերցրեցին: