Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ընդհանուր առմամբ կողմ է Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծի ընդունմանը: Այս մասին կիրակի երեկոյան ամերիկյան ABC հեռուստաընկերության եթերում հայտարարել է Սպիտակ տան նորանշանակ մամուլի խոսնակ Սառա Հաքաբի-Սանդերսը:
Նրա խոսքով՝ Թրամփի վարչակազմը պատրաստ է բանակցել օրինագիծը հեղինակած կոնգրեսականների հետ այն դրույթների շուրջ, որոնք «այնքան էլ հաջող չեն ձևակերպված»: Խոսքը նախևառաջ օրենքի նախագծում տեղ գտած այն կետի մասին է, որով սահմանափակվում են նախագահի` պատժամիջոցները վերացնելու իրավասությունները:
Նոր պատժամիջոցների մասին օրինագիծը ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների տանը քվեարկության կդրվի հուլիսի 25-ին: Սենատը օրինագծին հավանություն է տվել անցած ամիս:
Տվյալ թեմայով տե՛ս նաև այստեղ