Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու համաձայնագիրը վավերացնելու մասին օրենսդրական նախաձեռնությանը և այն սահմանված կարգով կներկայացնի Ազգային ժողով՝ հաստատման։
Նշենք, որ երեկ Ռուսաստանի Դաշնության խորհուրդը վավերացրեց համաձայնագիրը։
Փաստաթղթի բացատրությունում նշված է, որ միացյալ զորախումբը նախատեսված է Կովկասյան տարածաշրջանում ռազմական անվտանգություն ապահովելու համար: Այն կոչված է կանխելու և հետ մղելու Ռուսաստանի և Հայաստանի դեմ հնարավոր զինված հարձակումը տարածաշրջանի սահմաններում: Զորախմբի խնդիրների մեջ է մտնում նաև երկու երկրների ցամաքային և օդային սահմանների պաշտպանությունը:
Դաշնության խորհրդին ներկայացված համաձայնագրին կից պարզաբանման մեջ նշված էր, որ համաձայնագրի իրականացումը ամբողջովին համապատասխանում է Ռուսաստանի շահերին, նպաստում է երկու երկրների անվտանգության ապահովմանը և դաշնային բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում:
Համաձայնագիրը ստորագրվել է 2016-ի նոյեմբերի 30-ին՝ Մոսկվայում՝ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի և Սերգեյ Շոյգուի կողմից։