Մատչելիության հղումներ

«Պետությունը անձերից չպիտի կախված լինի»․ ԼՂ նախագահի թեկնածու


ԼՂ նախագահի թեկնածուներ Բակո Սահակյանը (ձախից) և Էդուարդ Աղաբեկյանը
ԼՂ նախագահի թեկնածուներ Բակո Սահակյանը (ձախից) և Էդուարդ Աղաբեկյանը

Վաղը կեսօրին Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ այդ պաշտոնի համար պայքարող միակ ընդդիմադիր թեկնածուն հայտարարում է, որ արդեն տասը տարի Ղարաբաղի նախագահի պաշտոնը զբաղեցնող Բակո Սահակյանի կրկին առաջադրումը սխալ էր:

Ստեփանակերտի նախկին քաղաքապետ և խորհրդարանում «Շարժում 88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը պնդում է՝ Սահակյանի առաջադրումը Սահմանադրությանը չի համապատասխանում:

«Փորձ է արվում անփոխարինելիության տարր մտցնել: Իսկ մեր բոլոր հաջողությունները պայմանավորված էին առայսօր այն ընկալմամբ, որ անփոխարինելի ոչ ոք չկա», - «Ազատության» հետ զրույցում նշեց Աղաբեկյանը: - «Պետությունը անձերից չպիտի կախված լինի», - հավելեց նա:

Այս տարեսկզբին կայացած սահմանադրական փոփոխություններից հետո Ղարաբաղը անցում կատարեց կառավարման նախագահական համակարգի: Առաջիկա երեք տարիներին Լեռնային Ղարաբաղը պետք է ղեկավարվի անցումային փուլի ռեժիմով: Անցումային նախագահին ընտրելու է խորհրդարանը: Ազգային ժողովի երեք խոշորագույն խմբակցությունները՝ «Հայրենիքը», Հայ Յեղափոխական Դաշնակցությունը և «Ժողովրդավարությունը», այդ պաշտոնի համար քվեարկելու են Բակո Սահակյանի օգտին, քանի որ նրան այս պահին Ղարաբաղի լավագույն քաղաքական գործիչն են համարում:

Ընդդիմադիր թեկնածու Էդուարդ Աղաբեկյանը գիտի, որ ընտրվելու շանսեր չունի, պարզապես ասում է՝ այս հնարավորությունը օգտագործելու է Ղարաբաղի խնդիրները բարձրաձայնելու համար, այդ թվում՝ ինքնորոշման հարցը:

Աղաբեկյանը Բակո Սահակյանի առաջադրումը անկախության ձգտող Ղարաբաղում բացասական է համարում, շեշտելով, որ անգամ կոմունիստական Չինաստանում ղեկավարը տասը տարուց ավելի չի կարող պաշտոնավարել:

Թեկնածուն նշում է՝ չի կարող ասել, որ սահմանադրությունը փոխվեց հատուկ Սահակյանի իշխանությունը երկարաձգելու համար, բայց մինչ այժմ ոչ մեկի համար պարզ չէ թե ինչու իշխանությունները գնացին այդ քայլին․ - «Ես որևէ մեկից հոդաբաշխ մեկնաբանություն չեմ ստացել՝ ինչո՞ւ փոխել կառավարման կարգը: Ի վերջո նույնիսկ ապրիլյան պատերազմը, որը փորձություն է պետության համար․․․ Սահմանադրությունը դրա հետ բացարձակ կապ չուներ: Եթե եղան ինչ-որ թերություններ, ինչ-որ սխալներ, ապա դա ոչ թե սահմանադրության, այլ առանձին գործիչների, առանձին անձանց գործունեության կամ անգործունեության հետ էր կապված»:

Էդուարդ Աղաբեկյանը բացեց փակագծերը․ նրա խոսքով, մինչև նախորդ տարվա ապրիլյան պատերազմը սահմանադրական փոփոխությունների քննարկումներում կառավարման մոդելը փոխելու մասին անգամ խոսք չկար, և անհասկանալի է, թե ինչու դա առաջացավ ապրիլից հետո:

Ղարաբաղի նախագահի ընդդիմադիր թեկնածուի խոսքով, ապրիլյան պատերազմի ժամանակ 100-ից ավելի զոհերից հնարավոր էր խուսափել, եթե պաշտպանության բնագավառի պատասխանատուները չթերանային: Այդ թվում, ըստ նրա, թերացել է նաև գործող նախագահ Բակո Սահակյանը․ - «Մենք բարձրաձայնում էինք բանակի արդիականացման, հատկապես դիրքերի արդիականացման, սարքավորումների մասին՝ տեսա, ջերմադիտարկման սարքերի, ու էն բոլորի, որոնք կբերեին զինվորի խոցելիության մակարդակի իջեցմանը: Եվ հատկապես իշխանական լրատվամիջոցները բավականին հեգնանքով էին վերաբերվում դրան: Ու այն լրատվամիջոցները, որոնք հիմա շեփորահարում են ապրիլյան պատերազմից հետո իրականացված աշխատանքների մասին: Բայց ո՞վ պիտի պատասխան տար, եթե ժամանակին արված լիներ դրանց գոնե մի մասը, զոհերի, անդառնալի կորուստների համար, հարց է»:

Ղարաբաղի 33 աթոռ ունեցող խորհրդարանի 28 պատգամավորներ վաղը կեսօրին կայանալիք ընտրություններում պատրաստ են Բակո Սահակյանին ընտրել: Որպես պատճառ նրանք Սահակյանի օրոք արձանագրված հաջողություններն են թվում բանակաշինության ոլորտում, կոռուպցիայի դեմ պայքարում:

Ընդդիմադիր թեկնածու Էդուարդ Աղաբեկյանը մինչդեռ շեշտում է, որ Ղարաբաղում անգամ օրենքով ձևակերպված չէ թե ինչ է կոռուպցիան: Նրա խոսքով, անհասկանալի է, թե ինչու են խորհրդարանի խոշոր խմբակցությունները Սահակյանի թեկնածությունը պաշտպանում, որոշումները, ըստ նրա, փակ են կայացվում:

Այս ընտրություններից հետո անցումային փուլի նախագահը Ղարաբաղը կղեկավարի մինչև 2020 թվականը: Այդ ժամանակ արդեն նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն:

XS
SM
MD
LG