Թրամփ կրտսերի և ռուսաստանցի փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի հանդիպմանը ներկա է եղել նաև ռուս լոբբիստ Ռինատ Ախմետշինը, որին ամերիկյան լրատվամիջոցները ներկայացնում են որպես խորհրդային անվտանգության ծառայությունների նախկին գործակալ:
Associated Press-ին տված հարցազրույցում Ախմետշինը հաստատել է հանդիպմանը մասնակցելու տեղեկությունը, ընդունելով նաև, որ երկու տարի ծառայել է խորհրդային բանակի հակահետախուզությունում:
Անցած օրերին թե՛ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թե՛ նրա որդին քանիցս հայտարարել են, թե այդ հանդիպումը եղել է իմաստազուրկ ու անարդյունավետ: Ախմետշինը, սակայն, հարցազրույցում պնդում է, թե Վեսելնիցկայան Թրամփի որդուն է ներկայացրել փաստաթղթեր, որոնք իբրև թե ցույց են տալիս, որ նրանց ընդդիմադիր, դեմոկրատ Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավը ֆինանսավորում է ստացել նաև ռուսական աղբյուրներից: «Այս նյութերի հրապարակումը կօգնի ձեր քարոզարշավին», - ըստ Ախմետշինի՝ ասել է Վեսելնիցկայան Դոնալդ Թրամփի որդուն:
Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթներին Թրամփ կրտեսերը պաշտոնական բացատրություն կտա այս հանդիպման վերաբերյալ Կոնգրեսում՝ նախագահական ընտրություններում ռուսների միջամտությունն ուսումնասիրող հանձնաժողովում: