Մատչելիության հղումներ

ՔԿՀ-ներում սննդի չափաբաժինների փոփոխությամբ «չի կարգավորվի սննդի որակի հարցը»


Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) դիտորդություն իրականացնող հասարակական խումբն արձանագրել է, որ դատապարտյալների մեծ մասը հրաժարվում է բանտերում տրվող սննդից՝ դրա անորակ լինելու պատճառով:

Խմբի անդամներից Ռոբերտ Ռևազյանի փոխանցմամբ, այդ տոկոսն ամենաբարձրն է Նուբարաշենում և Արթիկում։

Խոսելով հուլիսի 1-ից ուժի մեջ մտած որոշումից, ըստ որի փոփոխվել են օրական տրվող սննդի չափաբաժիններն ու տեսակները՝ Ռևազյանն ասաց, թե այդպիսով սննդի որակի հարցը չի կարգավորվի․ - «Օրինակ, եթե ասում են պետք է օրական տրվի էսքան ձավարեղեն, կարող է ամեն օր տրվեր հաճարի ձավար ու ասել, որ ամեն օր ձավարեղենի պորցիան տալիս ենք: Իհարկե լավ է, որ այսպես ասած ընդլայնվել ա բանջարեղենը, բայց փոխարենը շատ բաներ էլ կրճատվել ա: Որ ասեմ, թե ինչ-որ հեղափոխական փոփոխություն կլինի, ես չեմ ակնկալում, որ այս որոշմամբ էդ փոփոխությունը պետք է լինի»:

Ռևազյանն ասաց, որ չի հասկանում, թե ինչ հիմքով է առաջնորդվել կառավարությունը, որ 150 գրամով կրճատել է օրական տրվող հացի բաժինը, դատապարտյալների զրկել է ամեն օր պանիր, փափկամիս կամ ոսկորով միս ուտելու հնարավորությունից։ Նրա խոսքով՝ այստեղ պետք էր ոչ թե չափաբաժինները փոխել, այլ պատրաստմանը որակը բարձրացնել։

Ամեն դեպքում, ըստ խմբի զեկույցի, ամեն օր թե՛ նախաճաշին, թե՛ ճաշին դատապարտվածների նույն ճաշացանկն էր առաջարկվում։ «Կարող է ամեն օր նախաճաշին կամ ընտրիքին լինի շոգեխաշած թթու: Շատերը ասում են՝ ես եթե մի ամիս ուտեմ դա, ստամոքսի խոց կառաջանա: Բողոքներ շատ կա, որ ստամոքսի այրոցներ են առաջանում այդ սնունդը երկարատև օգտագործելու հետևանքով», - նշեց Ռևազյանը:

Բացի Գորիսի և Արմավիրի քրեակատարողական հիմնարկներից, մյուս բոլոր բանտերում ճաշը պատրաստում են հենց դատապարտյալները։ «Սննդի որակը երաշխավորված է», - դիտորդներին հակադարձում է Քրեակատարողական վարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի պետ Արմեն Հակոբյանը․ - «Որևէ դատապարտված անձ չի կարող անորակ սնունդ պատրաստել ոչ միայն մեր վերահսկողության, այլ հենց իրենց ներքին կարգերի իմաստով: Այսինքն այն, որ ճաշատեսակները բոլորը որակյալ են, դուք ինքներդ էլ կարող եք համոզվել ցանկացած ժամանակ, ցանկացած օր»:

Քրեկատարողական վարչության աշխատակիցներն ասում են, թե, ըստ իրենց ուսումնասիրության, բանտում պատրաստվող սննդից հրաժարվում է դատապարտյալների շատ փոքր տոկոսը։ Հաշվարկը կատարվել է ըստ օրական ստացվող 100 հանձնուկի և դատապարտյալների ընդհանուր թվի՝ այն է 3800։

«Այս ուսումնասիրության արդյունքներով, ըստ էության, 9 տոկոսը չի օգտվում քրեակատարողական հիմնարկներում պատրաստված սննդից», - ասաց Արմեն Հակոբյանը:

Ռևազյանը հակադարձում է․ - «Եթե դուք տեսնեք այն հոսքը, որ կանգնած է սնունդ հանձնելու կետերում, թե ինչ մեծ պարկերով մարդիկ սնունդ են տանում․․․ Ասենք, ամեն մի հանձնուկ մի հոգու համար, մի ուտելու համար չի․․․ Ամեն օր խցի համար ուտելիքը կարող է մեկի հարազատը բերի»:

Վարչության աշխատակիցները վստահեցնում են, թե նոր փոփոխությամբ սննդի հետ կապված խնդիրը քրեակատարողական հիմնարկներում կբարելավի։

Այնինչ մոտ մեկ ամիս առաջ ուժի մեծ մտած որոշումից հետ դրական տեղաշարժ չեն տեսել Սարի թաղի գործով կալանավորված անձինք։ Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը պատմում է, որ նուբարաշեն ամուսնուն ինքն է սնունդ տանում։ Ամիսը մեկ անգամ մեծ չափաբաժնով բանտում ապահվում է ամուսնում եւ նրա խցակից 14 ընկերների սննդի հարցը։

«Եթե նրանք կալանավոր են, ուրեմն պիտի լա՞փ ուտեն: Ինչ վերաբերում ա, որ սնունդը քչացրել են, պակասացրել են, որակն են լավացրել, իմ կարծիքով, եթե լավացրել են, ամեն օր գոնե մի չափաբաժին մեր պաշտոնյաներին թող ուղարկեն, իրանք կզգան՝ էդ սնունդը ուտելու բան ա՞, թե՞ չէ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բերնեցյանը:

Նրա խոսքով, իր ամուսինն օգտվում է միայն բանտում թխվող հացից: Բայց դա էլ, իր պնդմամբ, ուտելու ենթակա չէ․ - «Բանտային սնունդը խոշտանգում է անազատության մեջ գտնվողների նկատմամբ»:

Նույն գործով կալանավորված Հրաչ Բոյաջյանի կինը պատմում է, որ ամուսինը առողջական խնդիրներ ունի, բայց նրա համար հատուկ սննդակարգ չի սահմանվում, օգտվում է միայն այնտեղ պատրաստվող ապուրներից, այն էլ՝ նրա համար, որ հետագայում մարսողական խնդիրներ չունենա․ - «Իրանք չեն տարբերում, բոլորին նույն արշինով են չափում: Ինչի՞ մասին ա խոսքը․․․ Որ առանձնացնեն, իմանան դու հիվանդ ես, քեզ մի փոքր լավ սնունդ տան: Նման բան չկա, չի էլ լինի Հայաստանի Հանրապետությունում»:

Սարի թաղի գործով կալանավորվածների հարազատները նշում են, որ եթե սննդի որակը բանտում բալերավվեր, ապա իրենք հսկայական քանակությամբ ուտելիքը ձեռքներին Նուբարաշեն չէին հասնի։

XS
SM
MD
LG