Նվազեցվել են նաեւ մսի, կարագի, պանրի չափաբաժինները։ Ըստ այդմ՝ եթե արդեն նախկինում մեկ բանտարկյալին օրական տրվում էր 90 գրամ փափկամիս կամ 180 գրամ ոսկորով միս, ապա հուլիսի 1-ից բանտարկյալին նույն չափաբաժնով միս կտրվի ոչ թե ամեն օր, այլ ամսվա ընթացքում 16 օր։ Նույնը պանրին է վերաբերում․ եթե նախկինում ազատազրկվածին տրվում էր օրական 25 գրամ պանիր, ապա նոր որոշմամբ ամսական պանրի չափաբաժինը երկու անգամ նվազեցվել է՝ կալանավորների սեղաններին պանիր կլինի օրումեջ՝ 25 գրամ չափաբաժնով։
Կառավարության նոր որոշմամբ, թերևս, մեկ հավելում է կատարվել։ Եթե նախկինում ձուն տրվում էր միայն հղիներին, կերակրող մայրերին ու անչափահաս կամ հիվանդ բանտարկյալներին, ապա այսուհետ հավկիթ կուտեն բոլորն անխտիր, բայց՝ ամսվա ընթացքում ընդամենը 6 հատ:
Գործադիրի նոր որոշման մասին դեռևս ոչ բոլոր բանտարկյալներն ու նրանց հարազատներն են տեղյակ։
Նուբարաշենի բանտ որդու համար սնունդ բերած 58-ամյա Սուսաննա Մուշադյանը, մեզանից տեղեկանալով կառավարության որոշման մասին, տարակուսեց: Նա ասաց, որ որդին արդեն երեք տարի ազատազրկված է, և ինքը միշտ չէ, որ կարողանում է նրան սնունդ հասցնել, քանի որ գումար չունի։
Մուշադյանը տեղյակ չէր, որ Կառավարության որոշմամբ ազատազարկված անձանց նաև հագուստ, կոշիկ, հիգիենայի պարագաներ են հատկացվում։
Որդու համար սնունդ, հագուստ բերած Հրաչ Մնացականյանը զայրացավ, երբ լսեց փոփոխության մասին․ - «Բա ո՞ւր ա էթում․․․ Էդ էրեխեքը միթամ ի՞նչ են ուտում, որ ինչ էլ քիչացնեն»:
Փաստաբան, բանտերում դիտորդական խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ բանտերի սնունդը մեծամասամբ անորակ է, և դա է պատճառը, որ հարազատները, հատկապես Նուբարաշենի բանտում հերթ են կանգնում՝ ճաղերի հետևում գտնվողներին սնունդ հասցնելու համար․ - «Այն, որ անընդհատ հերթ ա գոյանում, ու դատապարտյալները էդքան մեծ քանակով հրաժարվում են սննդից, դա խոսում է, որ որակը լավ չի, պատրաստման եղանակը լավը չի»:
Ռևազյանի կարծիքով, Կառավարությունը որոշել է նվազեցնել սնունդը՝ խնայողության նպատակով:
Մինչդեռ Արդարադատության նախարարության՝ «Ազատությանն» ուղղված գրության մեջ նշվում է, թե բանտերում սննդի չափաբաժինը նվազեցնելու որոշումն ընդուվել է՝ հաշվի առնելով բանտարկյալների բողոքները։
Նախարարությունը նաև նշում է, որ հացի և կարտոֆիլի չափաբաժինները նվազեցրել են, քանի որ դրանք, ինչպես բանտարկյալներն են ասում, չեն օգտագործվում։
Ըստ պաշտոնական պարզաբանման, ներկայումս տրամադրվող սննդի չափաքանակները հանգեցնում են դրա էներգետիկ արժեքի արհեստական և ինքնանպատակ, չարդարացված բարձրացման: Հետևաբար հաշվի են առել այն հանգամանքը, որ անազատության մեջ գտնվող անձանց գերակշիռ մասը չունի ֆիզիկական ծանրաբեռնվածություն:
Նախարարությունը նաև նշում է, որ սննդակարգում բանջարեղենի որոշ տեսակներ են ավելացրել:
Ըստ արդարադատության նախարարության, դատապարտված և կալանավորված անձիք հաճախ հրաժարվում են տրամադրվող սննդից՝ տարաբնույթ պատճառաբանություններով, մասնավորապես, նույն օրվա ընթացքում սննդատեսակները համադրելի չեն կամ նույնատիպ են, բարձր յուղայնությամբեն և այլ: Նշվում է, որ արդեն նախկին որոշմամբ սահմանված չափաբաժիններով գործնականում որոշ դեպքերում հնարավոր չի լինում պատրաստել ճաշատեսակ և ապահովել ճաշատեսակների բազմազանությունը, ինչն էլ իր հերթին առաջացնում է անազատության մեջ պահվող անձանց դժգոհությունները: