Մատչելիության հղումներ

Հայաստանում արևային վահանակներ արտադրող առաջին գործարանն է բացվել


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Պրոֆպանել» ընկերության՝ Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող գործարանի պաշտոնական բացման արարողությանը:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, ընկերությունը Հայաստանում արևային վահանակների արտադրության ոլորտում գործունեություն է ծավալում 2016 թվականից SolarOn ապրանքանիշով:

Կառավարության ղեկավարին ներկայացվել է, որ SolarOn արևային վահանակներ արտադրող և տեղադրող գործարանի արտադրական հզորությունը կազմում է տարեկան 10 ՄՎտ, աշխատակիցների քանակը լրիվ արտադրական ծանրաբեռնվածության դեպքում՝ 50 մարդ:

Սկզբնական ներդրումների ծավալը կազմում է մոտ 2 մլն ԱՄՆ դոլար: Ընկերությունը նախատեսում է նախ արևային վահանակներ մատակարարել ներքին շուկային, ապա կազմակերպել արտահանում դեպի տարածաշրջանային և այլ երկրներ։ 1,5 կՎտ հզորությամբ արևային մինի-կայանը, որը կարող է արտադրել ամսական մոտ 200 կՎտժ էլեկտրաէներգիա, կարժենա 1,5-1,7 հազար ԱՄՆ դոլար:

2017 թվականի գարնանից ընկերությունն աշխատում է թեստային ռեժիմով և արդեն իրականացրել է արտադրական և բնակելի տարածքների համար արևային կայանների տեղադրման մի շարք նախագծեր:

Հաղորդագրությունում նշվում է, որ փետրվարի 23-ի նիստում կառավարությունը որոշել էր ներդրումային ծրագրի շրջանակում «Պրոֆպանել» ընկերությանն ազատել մաքսատուրքից՝ տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG