Ադրբեջանին զենք վաճառելով Ռուսաստանը գումար է աշխատում իր ռազմարդյունաբերության համար։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասի և տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրների կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը։
Հիշեցնենք, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրերս հաղորդագրություն տարածեց՝ կից լուսանկարներով և տեսանյութով, ըստ որի, Ռուսաստանից Բաքվի նավահանգիստ են հասել Хризантема-С հակատանկային հրթիռային համալիրներ: Դրանք նախատեսված են ինչպես տանկերի, զրահապատ մարտական մեքենաների, այնպես էլ հակառակորդի ամրությունների ոչնչացման համար:
Փորձագետի խոսքով՝ Հայաստանը զենք է ստանում ՀԱՊԿ համաձայնագրերով, և Ադրբեջանին ռուսաստանյան սպառազինության մատակարարումը չի առնչվում հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին։
Դիտարկմանը, թե 2016-ի ապրիլյան պատերազմից ընդամենը երկու օր անց Երևանում ընդունելով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Բաքվին մատակարարվող ռուսաստանյան զենքը կիրառվում է հայկական խաղաղ բնակավայրերի դեմ, Սիլաևն այսպես արձագանքեց. - «Եթե ես լինեի Սերժ Սարգսյանի փոխարեն, ես ևս այդ հարցը կբարձրացնեի Ռուսաստանի առջև»։