Մատչելիության հղումներ

Շենգավիթի դատարանում այսօր կշարունակվի Սեֆիլյանի գործով դատավարությունը


Քիչ անց Շենգավիթի դատարանում կմեկնարկի «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով հերթական դատական նիստը։

Մուտքի մոտ կրկին անվտանգության խիստ միջոցառումներ են անցկացվում, ստուգում են դատարան մուտք գործողներին, գրանցում են անձնագրային տվյալները։

Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը կրկին հրաժարվեց կարգադրիչներին ցույց տալ պայուսակի պարունակությունը՝ որակելով դա խուզարկության փորձ: Դատարանի մուտքը հսկող անվտանգության աշխատակիցները նշեցին, որ առանց զննության թույլ չեն տալու շենք մտել: Եթե կարգադրիչներն ի վերջո թույլ չտան Հայրապետյանին մուտք գործել դատարան, ապա ամենայն հավանականությամբ այսօրվա նիստը կհետաձգվի։

Նշենք, որ դատարանի շենքի բակում է նաև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով՝ զանգվածային անկարգությունների հրահրում, նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերում, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։

Սեֆիլյանն ամբողջությամբ շինծու է որակում մեղադրանքները՝ կապելով իր քաղաքական գործունեության հետ:

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG