Բելգիայի իրավապահները ձերբակալել են չորս անձի, ովքեր առնչություն ունեն Բրյուսելի կենտրոնական կայարանում ահաբեկչության փորձին: Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը:
Նախօրեին հայտնի է դարձել, որ պայթյունը փորձել էր իրականացնել ծագումով Մարոկոյից 36-ամյա անձը, ում նախկինում չեն կասկածել ծայրահեղականների հետ կապեր ունենալու մեջ, սակայն հայտնի է, որ նա համակրում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
Ահաբեկչության փորձը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան: Հարձակվողը փորձել է ինքնաշեն ռումբը պայթեցնել ճամպրուկի մեջ, սակայն տեղում սպանվել է զինվորականների կողմից: Կայարանում գտնվողներից ոչ ոք չի տուժել:
Բրյուսելում 2016 թվականի մարտին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Բելգիայում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են կիրառվում: Այն ժամանակ Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում տեղի ունեցած պայթյունների հետևանքով 32 մարդ զոհվեց: