Ռազմական ոստիկանությունը Բրյուսելի կենտրոնական կայարանում կրակել է մի տղամարդու վրա՝ նկատելով, որ նա մահապարտի գոտի է կրում։ Մինչ այդ փոքր պայթյուն էր հնչել։
Բելգիայի դատախազությունը հայտարարել է, որ տղամարդը մահացել է: Այլ տուժածներ չկան։
Որոշ լրատվամիջոցները հաղորդում են, որ պայթյունից առաջ տղամարդը «Ալլահ աքբար» («Ալլահը մեծ է») է բացականչել։
Դատախազությունը հայտարարել է, որ ակներևաբար՝ իրավապահները «ահաբեկչական հարձակման» փորձ են չեզոքացրել։
Բելգիայի ներքին գործերի նախարարն այսօր հայտարարել է, որ լուրջ հարձակում է կանխվել: Հարձակվողը փորձել էր կայարանի շենքում հզոր պայթյուն իրականացնել, ինչը զինվորականները իսկույն կանխել են:
Բելգիական մամուլը գրում է, որ հարձակվողը 37-ամյա տղամարդ է Բրյուսելի Մելենբեկ թաղամասից: Հիշեցնենք՝ 2015 թվականին Ֆրանսիայում կատարված ահաբեկչական գործողությունների հետքերը տանում էին նաև Բրյուսելի այդ թաղամաս:
Անցած տարվա մարտից՝ Բրյուսելի օդանավակայանում և մետրոպոլիտենում իրականացված ահաբեկչական հարձակումներից հետո, Բելգիայում ուժեղացված է անվտանգության վերահսկողությունը: Այն ժամանակ ահաբեկչական գործողություններին զոհ էին գնացել 32, վիրավորվել՝ տասնյակ մարդիկ: