Մատչելիության հղումներ

Տարիների երազանքը. երեխաներ, որ ծնվում են մեծ ու փոքր հանգանակությունների շնորհիվ


Հեղինեն ու Կարենը ծնողներ են դարձել 48-տարեկանում, առաջնեկին սպասել են ուղիղ 10 տարի։

Մենուան ծնվել է հարյուրավոր մարդկանց մեծ ու փոքր նվիրատվությունների շնորհիվ: Ընդհատված մի քանի հղիություններից հետո, Հեղինեի միակ հնարավորությունն արտամարմնային բեղմնավորումն էր՝ ԷԿՈ-ն: Անհրաժեշտ մի քանի հազար դոլարն ընտանիքին է փոխանցել «Հայ ասոցիացիա»-ն, որի հիմնական բարերարները շարքային քաղաքացիներն են:

Հեղինեն նախ գրանցվել է ասոցիացիայում, համբերատար սպասել ԷԿՈ-ի իր հերթին ու 7 ամիս անց ստացել սպասված զանգը: Վիրահատարանի դռան մոտ ամուսիններն իրար հույս են տվել՝ այս անգամ հաստատ 9 ամիս հետո գրկելու են իրենց բալիկին։

Հեղինեն ու Կարենն արդեն 7 ամիս է այլ գրաֆիկով են ապրում, արդեն օրվա հիմնական քննարկումները Մենուայի մասին են, պլանները՝ Մենուայի շուրջ: Անգիր գիտեն որդին աջ ու ձախ նայելիս ինչ է ուզում, ինչ է զգում ու սիրում։

«Հայ ասոցիացիայի» հիմնադիր Տիգրան Հակոբյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ «ասոցիացիան կոչվում է հայ, որ հենց Հայստանում ծնվեն երեխաները», իսկ ասոցիացիայի գաղափարը սկսվել է այսպես՝ ավտովթարից ծանր վնասվածքներ ստացած Տիգրանի ընկերը տարիներ շարունակ չի կարողացել հայր դառնալ:

Տիգրանն այդ տարիներին Վալենսիա քաղաքում է ապրել, մի քանի ընկերներին առաջարկել է միանալ ու անհրաժեշտ շուրջ 50 հազար դոլարը հավաքել, որ ընկերոջ կինն ԷԿՈ-ի միջոցով երեխա ունենա: Հետո բժիշկներն առաջարկել են գումարը վերադարձնել, որովհետև Տիգրանի ընկերոջ ընտանիքին օգնել չի հաջողվում: Ընկերները հրաժարվել են գումարը հետ վերցնել՝ հորդորելով բժիշկներին ԷԿՈ-ի համար դիմած ամենակարիքավոր ընտանիքներից մեկին փոխանցել այն: Հետո ընկերներով կրկին սկսել են գումար հավաքել ու հայաստանյան կլինիկաներ փոխանցել, որ ԷԿՈ-ի միջոցով նոր երեխաներ ծնվեն: Ապա խումբն ընդլայնվել է, միացել են Վալենսիայիում ապրող հայերը, ստեղծվել է ասոցիացիան, մասնաճյուղեր բացվել Հայստանում ու ԱՄՆ-ում: Չնայած մի քանի խոշոր հանգանակությունների, հիմնադրամի հիմնական աջակիցները մեծամասամբ սփյուռքում բնակվող համեստ եկամուտներով մարդիկ են։

Մանրամասները՝ տեսանյութում




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG