«Բիլդ» թերթը հաղորդում է, որ Հելմուտ Կոլը, ով Գերմանիան ղեկավարել է սառը պատերազմի և վերամիավորման տարիներին, մահացել է Ռինելանդ-Պալատինատեի իր տանը 87 տարեկան հասակում:
Հելմուտ Կոլը Արևմտյան Գերմանիայի կանցլերն է եղել 1982-1990 թվականներին, իսկ այնուհետև՝ մինչև 1998 թվականը ղեկավարել է վերամիավորված Գերմանիան: Նա նշանակալից դեր է խաղացել եվրոպական ինտեգրացիայի և եվրոպական արժույթի՝ եվրոյի առաջ մղման գործում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շեշտել է Հելմուտ Կոլի դերը երկրի վերամիավորման գործում և նրան մեծ եվրոպացի է անվանել: Կոլը «օրինակելի պետական գործիչ էր, ով ծառայում էր ժողովրդին և խաղաղությանը», ասել է Մերկելը:
«Անձամբ ես անչափ երախտապարտ եմ, որ նա կար», - նշել է Գերմանիայի ներկայիս կանցլերը, ընդգծելով Կոլի դերակատարությունը իր՝ մեծ քաղաքականություն մուտք գործելու հարցում:
Հելմուտ Կոլի մահվան կապակցությամբ հայտարարություններով են հանդես եկել աշխարհի ներկայիս և նախկին առաջնորդները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նախկին նախագահներ Ջորջ Բուշ ավագն ու Բիլ Քլինթոնը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և այլոք:
Գերմանիայի նախկին կանցլերի մահվան կապակցությամբ շաբաթ օրը Անգելա Մերկելին ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: