Մատչելիության հղումներ

Դավիթ Հարությունյան․ ԿԸՀ կազմը փոխելու հարցը որոշվում է Ազգային ժողովում


«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը պե՞տք է փոխվի, թե՞ ոչ, դա երկրի ներքին խնդիրն է, որը որոշվում է Ազգային ժողովում», - այսօր կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ արձագանքելով Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու դիտարկումներին:

«Եթե պարոն Սվիտալսկին նման հայտարարությամբ հանդես է եկել, ես ծանոթ չեմ նման հայտարարությանը: Ես կարծում եմ, դա որոշակի փորձ է ներքին քաղաքականության մեր հարցերին միջամտելու, ինչը համարում եմ անթույլատրելի՝ անկախ նրանից դա արվում է բարի՞, թե՞ այլ նպատակներով», - հավելեց նախարարը:

Ընտրական զարգացումներն ամփոփող համաժողովի ընթացքում Եվրամիության դեսպանը մասնավորապես նշել էր, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում պետք է ներգրավվեն նաև քաղահասարակության ներկայացուցիչները։ Սվիտալսկին նաև անդրադաձել է ռեյտինգային ընտրակարգին վերաբերող խնդիրներին՝ նշելով, որ Հայաստանում պետք է որոշեն՝ արդյոք աշխատեցի՞ն այդ ցուցակները, թե՞ ոչ:

«Ինչ վերաբերում է ընտրական համակարգին, ես կարծում եմ, որ այս հարցը ևս քաղաքական հարց է, և դրա վերաբերյալ իրենց կարծիքը և դիրքորոշումը արտահայտում են ոչ թե դեսպանները, այլ առաջին հերթին համապատասխան ոլորտի մասնագետները: Իսկ համապատասխան ոլորտում ամենաբարձր մարմինը, որը ես գիտեմ, դա Վենետիկի հանձնաժողովն է, որ տվել է իր եզրակացությունը: Եվ այն, որ մեր կողմից ընդունված համակարգը իրականում համապատասխանում է միջազգային չափորոշիչներին, դա փաստ է, դա փաստված է», - հակադարձեց Դավիթ Հարությունը:

Հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Արթուր Սաքունցի կարծիքով, Եվրամիության պատվիրակության ղեկավար Սվիտալսկու դիտարկումները չպետք է տարօրինակ լինեն մի պետության համար, որը հանդիսանում է միջազգային կառույցների անդամ․ - «Եվրոպայի խորհրդի անդամ պետության կարևոր արժեքային սկզբունքներից մեկը քաղաքացիական հասարակության դերի բարձրացումն է, մասնակցության դերի ավելացումը: Սվիտալսկին նորություն չի ասել, Սվիտալսկին ելնում է Եվրոպական միության մոտեցումներից, սկզբունքներից, իսկ Հայաստանի Հանրապետության իշխանությունները և մասնավորապես պարոն Դավիթ Հարությունյանը աշխատել է եվրոպական կառույցների հետ և գիտի եվրոպական կառույցների և մասնավորապես Եվրոպական միության սկզբունքները»:

Անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգին՝ Սաքունցը հիշեցրեց, որ ոչ միայն Եվրամիության ներկայացուցիչը, այլև խոշոր տեղական դիտորդական նախաձեռնությունները, այդ թվում «Անկախ դիտորդն» է ամփոփիչ զեկույցում եզրահանգել, որ ապրիլի 2-ին ընտրողների մեծ մասը ընտրել է ոչ թե կուսակցության, այլ անհատի, ինչի հետևանքով, ըստ դիտորդների, չի իրականացվել իշխանությունների տված առանցքային խոստումներից մեկը՝ խորհրդարանական համակարգին անցնելուն զուգահեռ բարձրացնել կուսակցությունների դերակատարումը երկրում։

«Տարածքային ընտրական ցուցակները դա բովանդակությամբ մեծամասնական ընտրակարգ է ենթադրում: Սա ավելի, սուպեր մեծամասնական է: Սա էր ամբողջ մտահոգությունը», - ասաց Սաքունցը:

Դավիթ Հարությունյանը բոլորովին համաձայն չէ «Անկախ դիտորդի» տեսակետին, ավելին՝ կարծում է, որ ռեյտինգային ընտրակարգը ոչ թե կխանգարի, այլ կօգնի ստեղծել խոստացված քաղաքական համակարգը ժամանակի ընթացքում․ - «Բուն նպատակը հետևյալն է․ այո՛, կուսակցությունները պետք է դերակատարում ունենան: Բայց ի՞նչ է կուսակցությունը եթե ոչ անհատներ, որոնք ներկայացնում են այդ կուսակցությունը: Այլ խնդիր է, որ այսօր դեռևս հասարակությունն ինքը ուներ փոքր-ինչ այլ ակնկալիքներ անհատներից, այլ ընկալում նրանց քաղաքական դերակատարման: Բայց յուրաքանչյուր ընտրությունից ընտրություն քայլ է առաջ, և քաղաքական մշակույթը զարգանալու է»:

Սաքունցն արդար չի համարում մեղադրել ընտրողին, երբ խորհրդարական ընտրություններին իշխող կուսակցության ռեյտինգային թեկնածուներից շատերը նախընտրական շրջանում դիտավորյալ չէին շեշտում, թե որ կուսակցության անդամ են, չէին խոսում Հանրապետական կուսակցության ծրագրերից․ - «Թեկնածուները բացարձակապես կուսակցության ծրագրերին հղում չեն կատարել: Ավելին․ Ապարան քաղաք եթե մուտք գործեք, տարբեր կուսակցությունների թեկնածուներ, որոնք իրենց քարոզչական պաստառները փակցրել էին, ոչ թե գրած էր «Հանրապետական կուսակցություն», այլ գրած էր «մենք»: Խոսում ենք փաստերի հիման վրա: Մեր եզրակացություն ասածը, կամ գնահատական ասածը հիմնվում է փաստական հանգամանքների վրա, ոչ թե ցանկությունների վրա»:

XS
SM
MD
LG