Մատչելիության հղումներ

Իշխող Հանրապետականը հորդորում է ԵՄ դեսպանին չմիջամտել երկրի ներքին խնդիրներին


Իշխող Հանրապետականի (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովը հորդորում է Եվրամիության դեսպանին՝ պահպանել քաղաքական կոռեկտությունը և չմիջամտել երկրի ներքին օրակարգային խնդիրներին։

Ազգային ժողովի փոխնախագահը Պյոտր Սվիտալսկուն նաև հիշեցնում է՝ Հայաստանը ինքնիշխան երկիր է։

Շարմազանով. - Մենք ընդունում ենք, որ, այո՛, մեր Եվրամիության գործընկերները կարող են առաջարկություններ անել, գնահատականներ հնչեցնել, բայց շատ ավելի ճիշտ կլինի, երբ որ այդ առաջարկություններն արվում են ավելի կոռեկտ, ավելի դիվանագիտական բառապաշարով։ Երբեմն մարդիկ, մի՞գուցե մոռանում են, որ Հայաստանն ինքնիշխան երկիր է, և նույնիսկ նույն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների խնդիրը, նույն ռեյտինգային խնդիրը, ընտրությունները բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերի և պառլամենտում ընդգրկված քաղաքական ուժերի մենաշնորհն է։

«Ազատություն». - Այսինքն՝ Դուք համաձա՞յն չեք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանրության կողմից վստահության խնդիր ունի, որ իրավապահ մարմինները անվստահության խնդիրն ունեն հանրության մոտ։

Շարմազանով. - Մի բան կարող եմ ասել, որ այս ընտրություններն, ի գիտություն պարոն Սվիտալսկու, ցույց տվեցին, որ համեմատության մեջ՝ և՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վստահելիության մակարդակն է ավելանում, և՛ իրավապահ մարմինների։

«Ազատություն». - Պարոն Շարմազանով, Դուք ասացիք, որ դեսպանը միջամտում է Հայաստանի գործերին, բայց նույն այդ Եվրամիությունը չէ՞ միլիոնավոր դոլարներ հատկացրել, որպեսզի ավելի ազատ, արդար և վստահելի ընտրություններ անցկացվեն։

Շարմազանով. - Այսինքն՝ սա այն տարբերակը չէ, որ ով փող է տալիս, նա էլ շամպայնը կամ երաժշտությունը պատվիրում է, այդպես չէ։ Եվրամիությունը մեզ օժանդակում է, որպեսզի Հայաստանում ժողովրդավարությունը զարգանա, և մենք Եվրամիությանը շատ շնորհակալ ենք, որ նրանք Հայաստանում տարիներ շարունակ օժանդակում են ժողովրդավարության զարգացմանը, սա այլ հարց է, խոսքը գնահատականների մեջ է՝ անձի գնահատականների մեջ է, որն իր լիազորությունների մեջ չի մտնում և որը Ազգային ժողովի լիազորությունների մեջ է, չեմ ասում իշխանության, ասում եմ Ազգային ժողովի քաղաքական ուժերի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վստահելիության, իրավունքների փոփոխության հարցը, դա մեր ներքին խնդիրն է, և մենք խնդրում ենք որևէ մեր գործընկերների, շատ հարգելով նրանց, պահպանել քաղաքական կոռեկտությունը և չմիջամտել ներքին օրակարգային խնդիրներին։

«Ես այստեղ տեսնում եմ մտահոգ դեսպանի դիրքորոշում»

​Մինչդեռ ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Եվրամիության դեսպանի հայտարարություններում ոչ թե երկրի ներքին գործերին միջամտություն, այլ մտահոգություն է տեսնում:

«Շատ կարևորում եմ կոնկրետ Սվիտալսկու աշխատանքը՝ մեր երկրում կոռուպցիայի կանխարգելման, ազատ ընտրական համակարգ հաստատելու գործում։ Ես այստեղ տեսնում եմ մտահոգ դեսպանի դիրքորոշում», - ասաց Զոհրաբյանը։

Ինչ վերաբերում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը փոխելու և այն հանրության համար ավելի արժանահավատ դարձնելու՝ Պյոտր Սվիտալսկու հայտարարությանը, ապա Զոհրաբյանը նշում է, որ դեսպանը մշտապես իր մտահոգությունը հայտնել է ԿԸՀ գործունեության հետ կապված։ Սակայն խորհրդարանի եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի համոզմամբ, Հայաստանում ընտրական համակարգի գլխավոր խնդիրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը չէ:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ըստ էության, ուղղակի իմպերատիվ, անմիջական ազդեցություն ընտրական գործընթացի վրա չունի։ Այսօր ես լսել եմ պարոն Սվիտալսկու մի քանի գնահատականներ, որոնց հետ պետք է համաձայնվեմ, մասնավորապես՝ ընտրակաշառքի վերաբերյալ։ Մենք գիտենք, այո՛, ես համաձայն եմ դեսպանի հետ, որ ընտրական խախտումը ընտրատեղամասում տեղի չի ունենում, ընտրական խախտումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի չի ունենում, ես համաձայն եմ Սվիտալսկու հետ, որ ուղղակի բռի, գռեհիկ ճնշում է գործադրվում տարբեր սեփականատերերի, գործատուների կողմից իրենց ենթակայության տակ աշխատող աշխատակիցների վրա, ինչի օրինակները մենք բազմաթիվ անգամներ տեսել ենք», - ասաց Զոհրաբյանը՝ շարունակելով. - «Մենք շատ ավելի գլոբալ խնդիր ունենք լուծելու՝ մենք ունենք լուծելու հանրության ապատիայի, հանրության այս տոտալ անտարբերության խնդիրն ընտրական գործընթացների հանդեպ, որը հանրության մի մասին ուղղակիորեն դրդեց գնալու և վերցնելու ընտրակաշառք։ Լինենք անկեղծ՝ ես ինքս տեսել եմ, թե ինչպես են հերթ կանգնել տարբեր գործատուների գրասենյակների դիմաց՝ ընտրակաշառք ստանալու համար, և գնացել են ու խելոք ընտրել են իշխանության ներկայացուցիչներին՝ առանց որևէ ծպտուն հանելու»։

Նշենք, որ Եվրամիության դեսպանն այսօր, խոսելով անցած ընտրությունների մասին, մի շարք քննադատություններ էր հնչեցրել ընտրակաշառքի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, իրավապահ մարմինների նկատմամբ հանրության վստահության պակասի նաև ռեյտինգային ցուցակներին առնչվող խնդրի մասին։

Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ իրենք նույնպես ռեյտինգային ցուցակները լուրջ խնդիր են համարում: Այդ նպատակով աշնանային նստաշրջանում, ըստ ընդդիմադիր պատգամավորի, «Ծառուկյան» դաշինքը Ընտրական օրենսգրքի փոփոխություններ է նախաձեռնելու՝ առաջարկելով վերանայել ռեյտինգային ընտրակարգը։

«Ես կարծում եմ, որ Դաշնակցությունը, ես զրուցել եմ խմբակցության ղեկավարի հետ, իրենք ևս լրջագույն մտահոգություններ ունեն ռեյտինգային ընտրակարգի հետ կապված։ Այս ընտրակարգը ցույց տվեց իր բացարձակ ապաքաղաքական լինելը, ցույց տվեց, որ այս ընտրակարգն իրական ռեյտինգային չափորոշիչ չի նախատեսում, գործում է՝ ռեյտինգ հավասար է փող բանաձևը։ Մենք առաջարկելու ենք Ընտրական օրենսգրքում ռեյտինգային ընտրակարգի վերանայում», - ասաց Զոհրաբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG