Մատչելիության հղումներ

Բանտում մահացել է Պոլիտկովսկայայի սպանության գործով դատապարտված անձը


Ռուսաստան - Լոմ-Ալի Գայտուկաևը դատարանում՝ դատավճի հրապարակման ժամանակ, Մոսկվա, 9-ը հունիսի, 2014թ․
Ռուսաստան - Լոմ-Ալի Գայտուկաևը դատարանում՝ դատավճի հրապարակման ժամանակ, Մոսկվա, 9-ը հունիսի, 2014թ․

Լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության գործով ցմահ ազատազրկման դատապարտված Լոմ-Ալի Գայտուկաևը մահացել է բանտում: Այս մասին հայտնում է «Կավկազսկի ուզել»-ը: Մահվան պատճառները չեն նշվում:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ավելի վաղ դատապարտյալի պաշտպանական կողմը ահազանգում էր նրա առողջական խնդիրների մասին և պահանջում ազատ արձակել բանտից, սակայն այդ մասին միջնորդությունները մերժվել են:

«Նովայա գազետա» թերթի հայտնի լրագրող և իրավապաշտպան Աննա Պոլիտկովսկայան սպանվել է 2006 թվականի հոկտեմբերին Մոսկվայում՝ իր տան մուտքի մոտ:

Լոմ-Ալի Գայտուկաևը և նախկին ոստիկան Սերգեյ Հաջիկուրբանովը մեղավոր են ճանաչվել որպես հանցագործության կազմակերպիչներ: Նույն գործով դատապարտվել են նաև մի խումբ այլ անձինք: Դատապարտյալներից և ոչ մեկը չի ընդունում իր մեղքը, սպանության պատվիրատուն չի պարզվել:

Սպանությունից երկու օր առաջ՝ 2006-ի հոկտեմբերի 5-ին Աննա Պոլիտկովսկայան մասնակցում էր «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության մի հաղորդման, որի մասնակիցները խոսում էին Ռամզան Կադիրովի մասին, ով այդ օրը դարձել էր 30 տարեկան և Չեչնիայի նախագահ ընտրվելու հնարավորություն ստացել: Իր վերջին հարցազրույցում Պոլիտկովսկայան Կադիրովին անվանել էր «Չեչնիայի մերօրյա Ստալին» և «լավ զինված թիկնապահներով շրջապատված վախկոտ անձնավորություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG