Մատչելիության հղումներ

Սարիթաղցիների հարազատները արդարություն են պահանջում


Անցյալ ամառվանից կալանավորված 10 սարիթաղցիների հարազատներն այսօր հերթական անգամ պաստառներով փողոց էին դուրս եկել, խոստովանելով` արդեն հաշիվը կորցրել են, թե վերջին մեկ տարվա ընթացքում քանի բողոքի ակցիա են անցկացրել:

«Ես չգիտեմ` մենք բողոքում ենք ամեն տեղ, ամեն տեղ մեզ խոսք են տալիս, որ կվերանայեն, որ ինչ-որ մի բան կլինի, բայց դրանից ոչ մի փոփոխություն մեր տղաների գործի մեջ չի նկատվում», - «Ազատության» հետ զրույցում ասաց կալանավորված Հարություն Թորոսյանի մայրը` Նազիկ Թորոսյանը:

Հիշեցնենք, անցած ամռանը, երբ իրենց «Սասնա ծռեր» անվանող զինված խմբի անդամները գրավեցին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը և իրավապահները գնդի տարածքի շուրջը անվտանգության գոտի ստեղծելու նպատակով արգելափակեցին մուտքը Երևանի մի շարք փողոցներ, Սարի թաղի մի զգալի մասը հայտնվեց շրջափակման մեջ: Ընդ որում, այդ օրերին որոշ ժամանակով անջատվել էր նաև թաղամասի ջրամատակարարումը, գազամատակարարումը, հեռախոսակապը: Այս զարգացումների ֆոնին հուլիսի 19-ին Սարի թաղում բախում տեղի ունեցավ ոստիկանների ու քաղաքացիների միջև, որից հետո 10 սարիթաղցիներ կալանավորվեցին զանգվածային անկարգությունների մասնակցելու և ոստիկանի նկատմամբ բռնության կիրառելու մեղադրանքներով: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 5-10 տարվա ազատազրկում:

Այսօրվա բողոքի ակցիայի մասնակիցները պնդում էին` իրենց որդիներն ու ամուսինները բողոքի ակցիայի էին դուրս եկել` պահանջելով վերականգնել կաթվածահար եղած թաղամասի գազի, հոսանքի, ջրի մատակարարումը և հանրային տրանսպորտը: Մեղադրող կողմի պնդմամբ, սակայն, ակցիան խաղաղ նպատակներ չի ունեցել և ուղեկցվել է ոստիկանների նկատմամբ ծանր բռնությամբ:

Սարիթաղցիների հարազատները պնդում են՝ սոցիալական պահանջներով բողոքի դուրս եկած քաղաքացիներին նման ծանր մեղադրանքներ առաջադրելը անարդար է:

«Հենց միայն նրա համար, որ նրանք կարողացել են ըմբոստանալ և պահանջներ ներկայացնել Կառավարությանը՝ նրանց դեմ նման հոդված են դրել», - ասաց Նազիկ Թորոսյանը: - «Ոստիկանները կրակել են օդ, և բնականաբար այդ վիճակում մարդիկ վախեցած են՝ դիմում են ինքնապաշտպանության: Նա մի քար նետել է, բայց մենք փորձաքննությամբ ստուգել ենք՝ այդ քարը ոչ մի վնաս չի հասցրել ոչ մեկին», - պնդեց նա:

Սարի թաղի միջադեպի գործով հերթական դատական նիստը կկայանա վաղը: Սարի թաղի գործով անցնող Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանի խոսքով, նիստերն անցնում են զավեշտալի մթնոլորտում` սարիթաղցիների դեմ ցուցմունք տված ոստիկանները չեն ճանաչում մեղադրյալներին:

«Տուժող ոստիկանը ամբաստանյալներին չի ճանաչում, վկա ոստիկանը ընդհանրապես վերևում հայտարարում է մեր փաստաբանին, որ քննիչն է ստիպել, որ ցուցմունք է գրել», - պատմեց Բերնեցյանը՝ դժգոհելով․ - «Ախր, եթե դուք չունեք հիմքեր, ինչի՞ հիման վրա եք տղաներին 11 ամիս կալանավորել, մեղք չե՞ն էդ ընտանիքները»:

Բերնեցյանը պնդում է՝ ամուսինը ոչ միայն բռնություն չի գործադրել իրավապահների նկատմամբ, այլև ավելին՝ ինքն է լուրջ վնասվածքներ ստացել։

«Ինքը ուղեղի ցնցում է տարել` գլխին հարվածներ է ստացել, մատը վնասված էր, դաստակը ուռած էր: Եթե նա չի պահանջել դատաբժշկական քննություն, դա չի նշանակում, որ նա տուժած չի եղել, մենակ ոստիկաններն են տուժել», - պատմեց Բերնեցյանը` շարունակելով. - «Իսկ ոստիկանը ի՞նչ իրավունք ունի ընտանիք հայհոյի, վերցնի լրագրողի կամերան ջարդի, որ իրենց բեսպրեդելը չերևա»:

Ինչպես Սարի թաղի բնակիչներից շատերը, այդպես էլ Լալա Բերնեցյանը բողոքի ակցիաների է գալիս երեխայի հետ, ում ստիպված է խնամել միայնակ, թեև գործազուրկ է։

«Էսօր ինչո՞ւ պիտի 7 տարեկան երեխան գա՝ իր պապային պահանջի: Ինքը պիտի էսօր խաղար դրսում: Իրա պապան էլ պիտի աշխատեր, որ իրեն կարողանար ապահովեր», - ասում է նա:

Կալանավորվածների հարազատներն ու երեխաները այսօր Երևանի Հանրապետության հրապարակից գնացին դեպի դատախազություն, ապա Արտաքին գործերի նախարարություն. արդարադատության պահանջով արդեն տասնյակ դռներ թակած սարիթաղցիները հույս ունեին այնտեղ հանդիպել Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրին, ով արտգործնախարարություն չեկավ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG