Մատչելիության հղումներ

Կալանված սարիթաղցիների հարազատները նստացույց սկսեցին


Կալանված սարիթաղցիների հարազատները գլխավոր դատախազության շենքի առջև, 27-ը մարտի, 2017 թ․
Կալանված սարիթաղցիների հարազատները գլխավոր դատախազության շենքի առջև, 27-ը մարտի, 2017 թ․

Սարի թաղի բախումների գործով տուժող է ճանաչվել 7 ոստիկան, 10 բնակիչ կալանավորվել է։

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ մեղադրվող 10 սարիթաղցիների հարազատներն այսօր գլխավոր դատախազության շենքի առջև նստացույց են սկսել: Նրանք պահանջում են, որ մեղադրող դատախազը հստակեցնի իրենց հարազատներին առաջադրված մեղադրանքները: Սարի թաղի իրադարձությունների գործով կալանվածներին սպառնում է 5-10 տարվա ազատազրկում:

Ամբաստանյալներից մեկի՝ Հարություն Թորոսյանի եղբայրը՝ Թորոս Թորոսյանը, դատախազության առջև հայտարարեց․ «Ես ձեզ ասում եմ, որ սիրտս հանգստանա․ արդեն 9 ամիս ա ուր ասես գնում եմ, պատասխան չկա՝ ինչ ա արել էս մարդը»:

ՊՊԾ գնդի տարածքի գրավման օերերին սարիթաղցիները փողոց էին դուրս եկել՝ բարձրաձայնելով սոցիալական խնդիրներ: Նրանք ասում են, որ այդ օրերին Սարի թաղը հոսանքազրկված է եղել, չեն ունեցել լույս ու ջուր, արգելված է եղել երթևեկությունը:

Էդուարդ Զեյթունցյանի կինը՝ Լալա Բերնեցյանը հերթական անգամ կրկնեց՝ դատարանում տուժող ներկայացող ոստիկաններից որևէ մեկն իր ամուսնուն չի ճանաչել, որևէ մեկը չի ասել, որ իր ամուսինը հարվածել է իրենց: Հազար ու մի նամակ են ուղղել ուր ասես, այդ թվում՝ դատախազություն, բայց ստացած պատասխանն իրենց չի բավարարել: «Նույնիսկ մեր դատախազը չի կարողանում մեղադրանքը դատարանում հիմնավորի: Պահանջում ենք, որ կոնկրետացնեն մեր տղաների մեղադրանքը և ազատ արձակեն իրենց»,- ասաց Լալա Բերնեցյանը, հավելելով, որ նստացույցն անժամկետ է:

Լալա Բերնեցյանի ամուսինն, ի դեպ, արդեն 2 օր է ՔԿՀ-ում հացադուլի մեջ է: Ու մինչ սարիթաղցիները հայտարարում են, որ իրենց հարազատներին առաջադրված մեղադրանքներն ապացուցված չեն, ոստիկանները շարունակում են պնդել՝ քաղաքացիները քարերով հարվածներ են հասցրել իրենց: Այս գործով տուժող է ճանաչվել 7 ոստիկան, Սարի թաղի 10 բնակիչ կալանավորվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG