Համաշխարհային բանկի (ՀԲ) հրապարակած Trade in Transition զեկույցի համաձայն, առաջիկա տարիներին Հայաստանը զգալիորեն ավելացնելու է իր պետական պարտքը: Եթե 2014 թվականին Հայաստանի պետական պարտքը կազմում էր երկրի տնտեսության 43.7 տոկոսը, ապա 2019-ին, աճելով մոտ 15 տոկոսային կետով, այն կկազմի 58.2 տոկոս:
2008-2016 թվականների ընթացքում Հայաստանի պետական պարտքը աճեց ավելի քան 3 անգամ՝ հասնելով 6 միլիարդ դոլարի:
Համաշխարհային բանկի նույն զեկույցում Հայաստանի վերաբերյալ կա ոչ-մխիթարական ևս մեկ լուր. անցած տարի աղքատության մակարդակը աճել է, չնայած գրանցված տնտեսական աճին:
Եթե 2015 թվականին աղքատ էր բնակչության 22.6 տոկոսը, ապա անցած տարի՝ 23.9 տոկոսը:
Բանկի փորձագետների գնահատմամբ, Հայաստանի բնակչության 23.9 տոկոսը օրական 2.5 դոլարից քիչ է ծախսում: Իսկ եթե շեմը դիտարկում ենք օրական 5 դոլարը, ապա, ըստ զեկույցի, անցած տարի աղքատ էր Հայաստանի բնակչության 73.4 տոկոսը: Այսինքն՝ 2016 թվականին Հայաստանի բնակչության գրեթե 3/4-րդը օրական ծախսել է 2 հազար 500 դրամից քիչ գումար: