Մատչելիության հղումներ

Հանձնարարվել է ուսումնասիրել միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ճանապարհների վիճակը


Հայաստանի ճանապարհներից մեկը, արխիվ
Հայաստանի ճանապարհներից մեկը, արխիվ

«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհների ապահովությունը կարևոր է ոչ միայն մեր համաքաղաքացիների անվտանգության ապահովման համար, այլ նաև կրում է ռազմավարական նշանակություն», - այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ մարզային այցելությունների ընթացքում արձանագրվել է միջպետական, հանրապետական նշանակության և միջհամայնքային ճանապարհների զգալի մասի ոչ բարվոք վիճակ։

«Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը զեկուցել է, որ այդ ճանապարհների անմիջապես հարակից տարածքներում կան շինություններ, որոնք խոչընդոտում են երթևեկության անվտանգության ապահովմանը, ինչպես նաև առկա են ոչ պատշաճ ճանապարհային նշաններ», - ասել է վարչապետը և հանձնարարել տրանսպորտի նախարարին 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհների փաստացի վիճակն ու կառավարության աշխատակազմ ներկայացնել հստակ առաջարկություն ճանապարհների վերականգնման առաջնահերթության և ժամկետների վերաբերյալ։

Կարեն Կարապետյանը նույն հանձնարարականը տվել է նաև մարզպետներին՝ միջհամայնքային բոլոր ճանապարհների վերաբերյալ:

Վարչապետը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահներին նաև հանձնարարել է 2-ամսյա ժամկետում լիարժեք ուսումնասիրել միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհների հարակից տարածքներում գտնվող շինությունների օրինականությունը և խոչընդոտ առաջացնող շինությունների վերացման վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ կառավարության աշխատակազմ:

Իսկ Հայաստանի ոստիկանապետը 1-ամսյա ժամկետում կուսումնասիրի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհներին տեղադրված համապատասխան նշանների օրինականությունն ու հնարավոր խնդիրները վերացնելու ուղղությամբ առաջարկություն կներկայացնի կառավարության աշխատակազմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG