Մատչելիության հղումներ

Դաշնակցության «ռազմավարությունն այն է, որ պետք է իսպառ վերացվի ժողովրդի դժգոհությունը»


Ապրիլի 2-ի ընտրություններին ընդառաջ Դաշնակցության ներկայացրած նախընտրական ծրագիրը ծավալով ամենափոքրն է 2007 և 2012 թվականների ծրագրերի համեմատությամբ՝ ընդամենը 8 էջ:

2012-ին Դաշնակցությունն իր տեսլականը 25 էջի վրա էր շարադրել՝ գումարած նախընտրական երկէջանոց հռչակագիրը: Իսկ ամենածավալուն նախընտրական խոստումները կուսակցությունը տվել է 2007-ին՝ 28 էջ, ևս 12 էջանոց առանձին բուկլետ «Ինչո՞ւ ընտրել Դաշնակցությանը» հարցի պատասխաններով:

Նախորդ երկու նախընտրական ծրագրերը, բացի ծավալուն լինելուց, նաև կոնկրետ թվեր էին պարունակում: Օրինակ, 2012 թվականի ծրագրով Դաշնակցությունը խոստանում էր իշխանության գալով միջին կենսաթոշակը դարձնել 63 հազար դրամ, եռապատկել պետական բյուջեն, կրկնապատկել Համախառն ներքին արդյունքը։ Դաշնակցության ծրագրով նախատեսվում էր նաև 200 հազար նոր աշխատատեղերի բացում, ժողովրդագրական վիճակի բարելավում՝ բնակչության տարեկան միջին աճ 50 հազարով:

Այս տարվա նախընտրական ծրագրում թվերը բացակայում են: Դաշնացկության ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանն ասում է, որ ձևակերպել են ընդհանուր մոտեցումները․ - «Առանձին ոլորտներին կոնկրետ թվերով անդրադառնալը, կարծում եմ, տեղին չի, որովհետև չի բխում մեր ռազմավարությունից: Մեր ռազմավարությունն այն է, որ պետք է իսպառ վերացվի ժողովրդի դժգոհությունը, որը արդարացիորեն կուտակվել է այսքան տարիների ընթացքում: Տնտեսության, սոցիալական հարցերի հետևում և հիմքում ընկած են քաղաքական հարցերը: Քաղաքականությունն է որոշել էդ ամեն ինչը: Եթե մենք միջավայր ենք ստեղծում, որ երկրում արդարություն հաստատվի, էդ արդարությունը բոլոր ոլորտների մեջ պետք է դրսևորվի՝ և՛ սոցիալական հարցերի մեջ, և՛ տնտեսության մեջ, ամեն տեղ»:

Ռուստամյանը չհամաձայնեց դիտարկմանը, թե Դաշնակցությունը, լինելով իշխանության մաս, իր նախընտրական խոստումների մեծ մասը չի իրականացրել: Նրա խոսքով՝ իրենք կարողացել են փոխել գլխավորը՝ պետության կառավարման մոդելը․ - «Մենք ասել ենք, որ պիտի անցնենք խորհրդարանական համակարգի, անցել ենք: Որ պիտի համամասնական ընտրակարգ լինի, ասել ենք՝ անցել ենք, ընդդիմություն - իշխանություն միասնական համակարգ պիտի ձևավորվի, ասել ենք՝ արել ենք»:

Դիտարկմանը, թե Հանրապետականն նույնպես դա իր գլխավոր արժանիքը համարում, Ռուստամյանը հակադարձեց․ - «Դուք խոսում եք մեր նախընտրական ծրագրի մասին, չէ՞: Մեր նախընտրական ծրագրում դա գրված էր, Հանրապետականի ծրագրում էդպիսի բան չկար՝ եթե հինգը տարի հետ գնանք: Այսինքն մենք ինչի՞ համար ենք գնացել այս համագործակցությունը․ որ հենց էդ խնդիրը հետապնդենք և լուծենք: Եվ այդ պատճառով էլ մտել ենք իշխանության մեջ և էս հարցերը մենք լուծել ենք:

Իսկ դիտարկմանը, թե Հանրապետական գործիչները, անգամ վարչապետը, ով զբաղվում է Հանրապետականի քարոզարշավով, իրենց ելույթներում խոստովանել են, որ Հանրապետականին անդամակցելն այդքան լավ չի անդրադառնում իրենց վարկանիշի վրա:, և հարցին, թե արդյոք չեն պակասի նաև ՀՀԿ-ի հետ համաձայնագիր ստորագրած ՀՅԴ-ի քվեները, Արմեն Ռուստամյանը պատասխանեց․ - «Մենք գիտենք, որ հարվածներ գալու են, և դրա մասին մենք վաղուց ենք ասում: Բայց մենք գիտակցաբար ենք գնացել դրան: Էն համակարգը, որը ծնում է մենիշխանություն, էդ համակարգը էն պատճառների պատճառն է, որ առաջացրել է նաև դժգոհություն մեր երկրում: Որպեսզի դրանից ազատվենք․․․ մենք հասկացել ենք, որ էդ դժգոհությունը հավերժ կմնա, եթե էդ պատճառները չվերացնենք: Էդ պատճառները վերացնել հնարավոր էր միայն իշխանության ներսից: Դրսից՝ դա նշանակում էր արյունահեղություն․․․ Ես կարծում եմ, որ մեր կայուն ընտրազանգվածը, որը մենք համարում ենք մեր գլխավոր ձեռքբերումը, մենք իրեն համահունչ, հարազատորեն ենք մեզ պահել: Էդ առումով մեր կայուն ընտրազանգվածը չի կորչի, որովհետև մենք անընդհատ հաշվետվություն ենք ներկայացրել էդ ընտրազանգվածին և մենք ստացել ենք իրենց հավանությունը»:

Թեև որպես իշխանության մասԴաշնակցությունը ունի նախարարներ, տիրապետում է իշխանական լծակների, սակայն Ռուստամյանը վստահեցնում է, որ դրանք կիրառելն իրենց ոճը չէ․ - «Մենք ունեցանք, չէ՞, էդպիսի օրինակ: Նույն Շիրակում տեղի ունեցած ընտրություններ: Որևէ մեկը մեզ չմեղադրեց, չէ՞: Որովհետև էդպիսի բան չենք արել: Դա մեր ոճը չի: Ոորվհետև էդ ձայները քո կայուն էլեկտորատի հետ կապ չունեն: Եթե դու կաշառքով կամ նման ձևերով ձայն բերես, վիրավորելու եք քո կայուն էլեկտորատին»:

Կրթության և գիտության նախարար, ՀՅԴ նախընտրական ցուցակում ցուցակում 5-րդ տեղը զբաղեցնող Լևոն Մկրտչյանն ասաց, որ արձակուրդ է ձևակերպել՝ քարոզարշավն անցկացնելու համար: Վստահեցնում է, որ իր նախարարական լծակները երբևէ չի օգտագործել, հիմա էլ չի անի․ - «Մեր դպրոցների բացարձական մեծամասնության տնօրենները ունեն կուսակցական պատկանելություն, և կարծեմ, մեկ-երկու հոգուց ավելի չկա Դաշնակցության ներկայացուցիչ․․․ Եթե ինքը ունի համոզում և տվյալ կուսակցության անդամ է, բնականաբար, իմ ազդեցությունը նրանց վրա կարող է լինել միայն ադմինիստրատիվ, որը ես երբեք չեմ կիրառի»:
ձայն

Մկրտչյանը կուսակցություններին կոչ արեց դպրոցը զերծ պահել քարոզչությունից․ - «Երևի կոչ բոլոր կուսակցություններին՝ խնայել դպրոցները»:

XS
SM
MD
LG