Արդեն 20 օր հացադուլի մեջ գտնվող, «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի փաստաբանները ահազանգում են, որ նրա առողջական վիճակը գնալով վատթարանում է։
Տիգրան Եգորյանն այս մասին նշել է նաև Եվրոպական դատարան ուղարկված դիմումում՝ պնդելով, որ իր վստահորդը խոշտանգման է ենթարկվում։
«Ներկայացրել ենք օգոստոսի 3-ից սկսած կալանքի տակ պահելու հիմքերի և հիմնավորումների առումով Եվրոպական դատարան դիմում: Եվ այդ ամբողջ ընթացքում կալանքով պայմանավորված և քրեակատարողական հիմնարկներում պահման պայմաններով պայմանավորված Արթուր Սարգսյանին անմարդկային վերաբերմունքի ենթարկելու փաստի կապակցությամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը:
Սա «Հաց բերողի» գործով երկրորդ բողոքն է, որ ուղարկվել է Ստրասբուրգի դատարան։ Խնդրին Եվրոպական դատարանը դեռևս անցած դեկտեմբերին էր անդրադարձել։ Սարգսյանի պաշտպանները դատարանից խնդրել էին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ բուժում ապահովել, անհրաժեշտության դեպքում իրենց պաշտպանյալին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց:
Ստրասբուրգի դատարանը Հայաստանի կառավարությունից Սարգսյանի առողջության վերաբերյալ փաստաթղթեր էր պահանջել, ինչից հետո իշխանությունները նրան ազատ էին արձակել, ապա, մեկ ամիս անց՝ կրկին կալանավորել:
«Խոշտանգումների կանխարգելման և անմարդկային վերաբերմունքի կանխարգելման ազգային ամբողջ մեխանիզմը ուղղակի չի գործում: Այն ուղղակի բացակայում է: Բոլոր իրավասու պետական մարմինները տեղեկացված են, բոլոր իրավասու պետական մարմիններ ներկայացված են համապատասխան փաստաթղթեր, դիմումներ, բողոքներ: Եվ դրանցից որևէ մեկը որևէ արդյունավետ միջոց չի ձեռնարկել», - նշեց փաստաբանը:
Անցած ամռանը Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սանսա ծռեր» զինված խմբի գործով կալանավորված Արթուր Սարգսյանը մեղադրվում է զինված խմբին օժանդակելու մեջ։ Գնդի տարածքը գրավելու օրերին նա ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տանել գնդի տարածք։
Անցած դեկտփմբերին ազատ արձակված, ապա փետրվարի 9-ին կրկին կալանավորված Սարգսյանը հացադուլի միջոցով պահանջում է ազատ արձակել իրեն՝ պնդելով, որ մի շարք լուրջ հիվանդություններ ունի, որոնք անհամատեղելի են բանտային պայմաններին։
«Հաց բերողի» փաստաբաններն ահազանգում են, որ սննդից և դեղորայքից հրաժարված Արթուր Սարգսյանի մոտ փետրվարի 15-ից սկսած արյունային փսխումներ կան, որոնք մեկ շաբաթ առաջ օրվա մեջ մի քանի անգամ կրկնվել են։
Փաստաբան Դավիթ Գյուրջյանն ասաց, որ Սարգսյանը շաբաթ օրվանից անկողնուց վեր չի կացել, օր-օրի հյուծվում է և հացադուլից դուրս գալու մասին չի մտածում․ - «Երեկ ենք տեսակցել Արթուր Սարգսյանին: Վիճակը բավականին բարդ է: Հատկապես խոսքը գնում է նրա՝ արդեն իսկ ունեցած առողջական խնդիրների մասին, դրան գումարվում է այս 20 օրվա հացադուլի արդյունքում ավելացած հյուծվածությունը, ինչպես նաև այդ հյուծվածությամբ և ցավերով պայմանավորված այլևս նա չի կարողանում քայլել ինքնուրույն»:
Հարցին, թե արդոք Արթուր Սարգսյանի կյանքի ու մահվան հարց չի առաջանում, Գյուրջյանն արձագանքեց․ - «Իհարկե կարող է առաջանալ: Այդ իսկ պատճառով, մեր գնահատմամբ, միակ հնարավոր միջոցը այս պահին, որ պետք է ձեռնարկվի, դա քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելն է, ինչը չի կատարվում։ Հնարավոր է 30-40 րոպեի խնդիր լինի, նրան չհասցնեն ուղղակի այդ վիճակում հասցնեն քաղաքացիական հիվանդանոց, հետևապես ինքը արդեն իսկ պետք է քաղաքացիական հիվանդանոցում լիներ»:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը, մինչդեռ, շարունակում է հայտարարել, որ Սարգսյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի շուրջօրյա դինամիկ հսկողության ներքո: «Նա արյունային փսխումներ չի ունեցել, ձայնը լսելի է, խոսքը` հստակ և ունի սթափ գիտակցություն», - նշված է հաղորդագրության մեջ։
Արթուր Սարգսյանի փաստաբանները, սակայն, հայտարարում են՝ իրավապահները ստում են:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը կարծում է, թե «Հաց բերողի» կալանավորման որոշումը քաղաքական է․ - «Իրենք էլ շատ լավ համոզված են, որ ոչ մի վտանգ չի ներկայացնում, Հայաստանից չի փախչելու, կներկայանա բոլոր տեսակի դատական նիստերի: Շատ լավ գիտեն: Եվ եթե ինչ-որ թյուրիմացություն է եղել ազատ արձակվելու ժամանակ, միտումնավոր չի եղել: Բայց ինչո՞ւ են այդպես վարվում: Ես կարող եմ միայն ենթադրություններ անել․ գուցե ցույց տալու համար, թե ըմբոստությունը ոնց կարող է պատժվել, որ սա ոչ թե դատախազության որոշումն է եղել, Քննչական կոմիտեի որոշումն է, եղել, դատարանի որոշումն է եղել, այլ սա եղել է քաղաքական որոշում, որը վերևից է իջել»:
Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիաները Երևանում շարունակվում են։ Օրեր առաջ 26 խորհրդարանականներ նամակ էին հղել գլխավոր դատախազին՝ խնդրելով ազատ արձակել նրան։ Պատգամավոր Էդմոն Մարուքյանի փոխանցմամբ՝ պատասխան դեռևս չեն ստացել: