Արթուր Սարգսյանը, ով «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ է մեղադրվում, կրկին կալանավորվել է՝ չնայած, ինչպես հարազատներն են պնդում, նրա առողջական վիճակը է՛լ ավելի է վատացել։
Արթուր Սագսյանին, հիշեցնենք, կալանավորել, ապա պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդության պատճառով փոխել էին խափանման միջոցը և ազատ էին արձակել։
Սարգսյանի մոտ ախտորոշվել է Բեխտերևի հիվանդությունը, որը Կառավարության որոշմամբ ներառված է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում:
Այսօր մի խումբ քաղաքացիներ, ի նշան բողոքի, Հատուկ քննչական ծառայություն հաց էին տարել։
«Մեր վրդովմունքն ենք արտահայտում մարդու իրավունքների կապիտ խախտումների դեմ, ոտնահարումների դեմ: Այդ տղան ինձ հետ խոսել է սրանից հինգ օր առաջ և ասել է, որ առողջական խնդիր ունի, որ լավ չի զգում իրեն: Այսինքն, լավ չի զգում իրեն և հնարավոր է, որ գնացել, ինչ-որ մի տեղ մնացել է այդ գիշեր․․․ Պիտի ձերբակալեի՞ն երկու ամսով», - ասաց բողոքի ցույցի մասնակիցներից մեկը:
Ակցիայի մասնակիցներին թույլ չտվեցին մտնել ՀՔԾ-ի շենք, և նրանք իրենց բերած հացը բաժանեցին պատահական անցորդների՝ զուգահեռ պատմելով «Հաց բերողի» մասին։
Արթուր Սարգսյանի եղբայրը՝ Արսենը, տարակուսած է եղբորը կրկին կալանավորելու որոշումից:
«Էդ տղայի լավանալը ո՞րն ա, ի՞նչ լավանալ: Էդ տղայի սաղ մարմինը իրար հավաքած ա․․․ Ուղղակի զարմացած եմ շատ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արսեն Սարգսյանը:
Նրա փոխանցմամբ՝ Արթուր Սարգսյանին կանչել էին կրկնակի բժշկական հետազոտման, սակայն վերջինս չէր ներկայացել, ինչն էլ կարող էր նորից կալանավորելու հիմքերից մեկը լինել․ - «Բժիշկների եզրակացությունը տված է, դուք երկրորդ անգամ ինչո՞ւ եք կանչում մարդուն: Հո ճագա՞ր չի, որ էքսպերիմենտների եք ենթարկում»:
Արթուր Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը «Ազատությանը» փոխանցեց, որ վարույթ իրականացնող մարմնի բոլոր պատճառաբանությունները հանգում են նրան, որ իր պաշտպանյալը ծանուցված է եղել քննչական գործողության մասին և չի ներկայացել․ - «Բոլոր այն գործողությունները, որոնք պլանավորում էր կատարել վարույթ իրականացնող մարմինը ամսի 4-ին, ըստ փոխադարձ համաձայնության, կատարել է ամսի 6-ին: Ամսի 6-ին չի ներկայացրել այդ կապակցությամբ որևէ առարկություն, որևէ մտահոգություն, որևէ լրացուցիչ երաշխիք չի պահանջել մեզանից, և ամսի 9-ին անսպասելիորեն կայացրել է ձերբակալելու մասին որոշում»:
Պաշտպանը նման պատճառաբանությունները որակում է «ընդամենը արհեստականորեն ստեղծված անպիտան ապացույցների մի կույտ»:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով, ծանր հիվանդություն ունեցող Արթուրին կրկին կալանավորելու պատճառները միանշանակ քաղաքական են, իսկ կալանավորումը՝ նախընտրական ահազանգ․ - «Հիմքերը, որով նրան կալանավորել են, ապօրինի են և կամայական: Եվ մենք գիտենք, որ նա ազատվել էր դեկտեմբերի 31-ին՝ առողջական հիմքերով, բանտային պայմանների հետ նրա հիվանդությունը անհամատեղելի էր ճանաչվել: Եվ հիմա թե ինչ պիտի բացատրեն Եվրոպական դատարանին, որը և հարցեր էր ուղղել կառավարությանը․․․»