Հայկական բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ երեկ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն` ՆԱՏՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի, Բելգիայում Հայաստանի դեսպանի և ՆԱՏՕ-ում Հայաստանի ռազմական ներկայացուցչի կողմից:
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության հաղորդագրության համաձայն՝ ընդունելությանը մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների դեսպաններ, այլ դիվանագետներ, բարձրաստիճան զինվորականներ, ՆԱՏՕ-ի միջազգային քաղաքական և ռազմական անձնակազմերի պաշտոնյաներ։
Ողջույնի իր խոսքում ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Եդիգարյանն անդրադարձել է ՀՀ Զինված ուժերի ստեղծման պատմությանն ու քառորդդարյա փառահեղ ճանապարհին, Հայաստանի որդեգրած միջազգային ռազմաքաղաքական համագործակցության ուղենիշներին, Հայոց բանակում ընթացող բարեփոխումների գործընթացին, Ազգ-բանակ հայեցակարգին, ասված է հաղորդագրությունում:
Խոսելով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին՝ Եդիգարյանը վստահություն է հայտնել, որ դրանք ապագայում էլ կշարունակեն զարգանալ կայուն և փոխշահավետ կերպով։