Մատչելիության հղումներ

Փորձագետները գնահատում են վարչապետի պաշտոնավարման առաջին 100 օրը


«Թրանսփարենսի ինտերնեյշնլ Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնը, մասնավորապես, հակասություններ է տեսնում կառավարության հռչակած կարգախոսների և փաստացի գործունեության միջև:

«Վարչապետն իր 100-օրյա գործունեության ընթացքում օրակարգային չի դարձրել ժողովրդավարության, մարդու իրավունքների, ընտրությունների խնդիրները, մինչդեռ սրանք այն հիմնարար հարցերն են, առանց որոնց լուծման չի կարող արդյունավետ գնահատվել որևէ կառավարության գործունեությունը», - նշում է «Թրանսփարենսի ինտերնեյշնլ Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնն իր հայտարությունում:

«Ես կարծում եմ, հարյուր օրը արդյունավետ էր, բայց, թերևս ոչ վարչապետ Կարեն Կարապետյանի համար, այլ ավելի շուտ այն մարդու համար, ով նրան նշանակեց վարչապետ: Արդյունավետ էր այն իմաստով, որ Սերժ Սարգսյանին հաջողվեց բավականին ծանր տնտեսական և քաղաքական իրավիճակում որոշակիորեն պատասխանատվության սլաք փոխել ու նաև որոշակիորեն լիցքաթափել իրավիճակը, կուտակված այն ահագին ագրեսիվ էներգիան, որը հուլիսյան իրադարձություններից հետո առաջացել էր հասարակության մեջ», - հակակոռուպցիոն կենտրոնի կազմակերպած քննարկմանն այսօր ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

Փորձագետներն ընդհանրապես դժվարանում էին Կառավարության ղեկավարի առաջին հարյուր օրն արդյունավետ համարել: Բադալյանի խոսքով՝ քանի դեռ չի փոխվել իշխանության գլխավոր նպատակը, այդ իշխանությունը չի կարող արդյունավետ գործել․ - «Վարչապետը, այլ պաշտոնյաներ գուցե շատ-շատ են ցանկանում փոխել, բայց անձանց ցանկությունները այս դեպքում և այս իրավիճակում դառնում են երկրորդական, քանի դեռ համակարգն ինքը չի փոխել իր նպատակները: Սուղ իրավիճակում հնարավորինս շատ փող աշխատել: Առայժմ այս համակարգը չի կարող իր առաջ դնել ավելի մեծ և ավելի երկարաժամկետ նպատակներ, քան ընդամենը մի քանի անց վերարտադրության խնդիրը»:

Անդրադառնալով 100 օրերի ընթացքում վարաչապետ Կարապետյանի իրականացրած քայլերին, փորձագետները նշում են, որ գործադիրի նոր ոճը ճգնաժամային կառավարման ռեժիմ է հիշեցնում, երբ շտապ կրճատումներ են իրականացվում, բյուջեն խնայելու մեխանիզմներ են ներդրվում:

Միաժամանակ, հակակոռուպցիոն կենտրոնը նկատում է, որ նույն կառավարությունը հավանություն է տալիս երկրի նախագահի, վարչապետ և Ազգային ժողովի ղեկավարի գնումների գաղտնիացմանը:

«Եթե մենք խոսում ենք արդյունավետ ծախսերի մասին, ապա ինչու նույն մոտեցումը չկա ծախսերի թափանցիկության վերաբերյալ: Հանրությունը որքան որ մտահոգված է իր վճարած հարկերի արդյունավետ օգտագործմամբ, նույնչափ, կամ գուցե ավելի, հետաքրքրված է դրանց օգտագործման թափանցիկությամբ, իսկ այս նույն կառավարությունը, որը հայտարարում է ծախսերի կրճատում, խնայողություն, գոտիները ձգելու քաղաքականություն, հենց ինքն է հեղինակը այդ նախագծի, որն Ազգային Ժողովն ընդունեց»,- ասաց «Թրանսփարենսի ինտերնեյշնլ Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը:

Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը հակադարձեց, թե երկրի առաջին երեք դեմքերի գնումների գաղտնիացումը չի կարող գնահատվել որպես թափանցիկության նվազում․ - «Կա նպատակ դրա հետևում դրված: Իսկ նպատակը անվտանգության խնդիրների կարգավորումն է: Կհամաձայնե՞ք, որ մենք պետք է կարևորենք մեր ինստիտուտների անվտանգության հարցերը: Չեք գտնի աշխարհում որևէ երկիր, որտեղ դա լուծվում է այլ ճանապարհով: Եվ դա եթե բացահայտ լինի, ինչպե՞ս պետք է մեր անվտանգության մարմինները ապահովեն անվտանգությունը մեր ինստիտուտների»:

Նոր օրենքի քննարկումների քննարկումների ժամանակ գնումների գործընթացին հետևող փորձագետները, սակայն, դժվարացան հիշել որևէ դեպք, երբ, օրինակ, նախագահի կամ վարչապետի, ենթադրենք, մեկ ամիս հետո նախատեսված ընթրիքի ծառայության գնում իրականացնելու մասին նախօրոք բաց մրցույթ հայտարարվեր և անվտանգության խնդիրներ էին առաջացել:

«Երկրում, որտեղ կա շատ խորը վստահության ճգնաժամ, կարծում եմ, ևս մեկ քայլ անել, այն էլ այն ֆոնին, երբ հայտարարվում է ծախսերի արդյունավետության մասին, կամ ծախսերի կրճատման մասին, և հետո տեսնում ենք որոշ ծախսերի գաղնագրումներ, հանրության մոտ սկսում են առաջանալ հարցեր: Այդ հարցերը, երբ որ չեն ունենում պատասխաններ, կամ պատասխանները չեն գոհացնում, մնում են չփարատված կասկածները»:

«Թրանսփարենսի Հայաստանը» իր զեկույցում ընգծել է նաև 100 օրվա ընթացքում իրականացված դրական քայլեր: Օրինակ, նշվում է, որ վաղուց սպասված ու պահանջված էր վարկաբեկված և կոռուպցիոն սկանդալներում ներգրավված բարձրաստիճան անձանց պաշտոններից ազատումը: Սակայն փորձագետները ակնկալում են հրապարակային գնահատականներ այդ պաշտոնյաների վերաբերյալ, անօրեն քայլերի քրեական հետապնդում։

XS
SM
MD
LG