Մատչելիության հղումներ

Արարողակարգային ծախսերի գաղտնիացումը «կոռուպցիոն լուրջ ռիսկեր է պարունակում»


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտոնական ընթրիքի սեղանի շուրջ, Երևան, 4-ը հունիսի, 2012թ․
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտոնական ընթրիքի սեղանի շուրջ, Երևան, 4-ը հունիսի, 2012թ․

Եթե գործող օրենքով գաղտնիք պարունակող գնումներ էին համարվում միայն ռազմական ոլորտի ձեռքբերումները, ապա այժմ գաղտնի կլինեն նաև, օրինակ՝ վարչապետի տրանսպորտային կամ արարողակարգային հյուրասիրության ծախսերը:

Հանրապետության նախագահի, վարչապետի և Ազգային Ժողովի նախագահի արարողակարգային ծախսերն այսուհետ համարվելու են պետական գաղտնիք, իսկ նրանց համար իրականացվող գնումներն էլ կլինեն փակ: Այս փոփոխությունը ներառված էր «Գնումների մասին» օրենքի նախագծում, որն այսօր խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց: Կողմ քվեարկեց 78, ձեռնպահ՝ 14 պատգամավոր, դեմ քվեարկողներ չեղան:

Եթե գործող օրենքով գաղտնիք պարունակող գնումներ էին համարվում միայն ռազմական ոլորտի ձեռքբերումները, ապա այժմ գաղտնի կլինեն նաև Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի և Գալուստ Սահակյանի արարողակարգային, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ծախսերը: Երեկ խորհրդարանում նախագիծը ներկայացնելիս Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց, որ օրենսդրական այս նախաձեռնության նպատակը երկրի կարևորագույն պաշտոնյաների անվտանգության ապահովումն է:

«Այս առաջարկի մասով ևս մեկ անգամ նայեցինք միջազգային փորձը: Սա անվտանգության կարևորագույն նորմ է: Կարծում ենք՝ ճիշտ է, որ այդ ծախսերը, որոնք կապված են այդ երեք գլխավոր պաշտոնների բնականոն աշխատանքի ապահովման հետ, մենք այդ գնումները դիտենք, որպես պետական գաղտնիք պարունակող գնումներ»:

Գնումների փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը հակադարձում է՝ սա հետընթաց է, իսկ այս մեխանիզմը տարածված չէ շատ երկրներում: «Հատուկենտ երկրներ կան, որտեղ նման մոտեցում է լինում: Ավելի ասեմ՝ արդի համակարգերում բոլորը գնում են դեպի թափանցիկություն, որովհետև հասկանում են, որ դա առաջին հերթին պայմանավորված է պետբյուջեի արդյունավետության բարձրացմամբ: Նաև հասարակություն-իշխանություն վստահության բարձրացման տեսանկյունից է դա դիտարկվում: Էն հակակշիռ մեխանիզմները, որոնք իրենց նշում են միջազգային փորձի դեպքում, բացակայում են Հայաստանում, ինչը նշանակում է, որ սա լրացուցիչ կոռուպցիոն ռիսկեր ու հնարավորություններ է առաջացնելու»,- ասաց տնտեսագետը:

Երրորդ ընթերցմամբ քվեարկությունից առաջ, ի պատասխան ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանի հարցի՝ առաջարկի հեղինակ, հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանն ասաց, որ հաշվետվություններ այդ փակ գնումների վերաբերյալ լինելու են:

«Խոսքը վերաբերում է գնումների մասին․․․արարողակարգի գնումները իրականացվում է փակ մասով: Միայն արարողակարգի: Արարողակարգի ծախսերի մրցույթները, գնումները, ոչ թե․․․ հետագայում բյուջեում հաշվետվություն ես տալիս, տեսնում ես ինչքան ծախս է եղած: Զուտ արարողակարգի [ծախսերը]՝ որ ռեստորանում պետք է հաց ուտեն․․․ այդ երեք մարմինների ղեկավարները․․․ կատարվում է փակ»,- բացատրեց Այվազյանը:

Հետին թվով հրապարակված հիմնավորումները լուրջ չեն լինելու, կարծում է գնումների ոլորտի փորձագետ Արտակ Մանուկյանը: «Ուսումնասիրողի համար կարևոր է՝ արդյո՞ք այդ ֆիրմայում, որտեղ հաց են կերել, կա փոխկապակցվածություն: Արդյո՞ք գները շուկայական են»,- ասում է փորձագետը, հավելելով, որ այդ պարագայում նաև մրցակցային սկզբունքների խախտման մեծ վտանգ է առաջանում:

Ըստ օրենքի՝ պետական գաղտնիք են համարվում այն տեղեկությունները, որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար: Այժմ, փաստորեն, գաղտնիք են համարվելու, օրինակ, արտասահմանյան պատվիրակությունների համար ծախսվող գումարները: Եթե այսօր ընդունված օրենքը գործեր մեկ տարի առաջ, մասնավորապես, հայտնի չէր դառնա, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար իրականացվող հատուկ չվերթների համար մեկ տարում պետբյուջեից ծախսվել է ավելի քան 84 միլիոն դրամ:

Կառավարությունը նույնատիպ մի նախագիծ էր ներկայացրել նաև երկու տարի առաջ, սակայն, արժանանալով լուրջ քննադատության՝ առաջարկը խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվելոց հետո այդպես էլ օրենքի ուժ չէր ստացել: Գնումների ոլորտի ևս մեկ փորձագետի՝ Աշոտ Խուրշուդյանի խոսքով՝ գաղտնի ընթացակարգը խնդիր ունի՝ թաքցնել իրականացվող թանկարժեք գնումները:

«Իշխանությանը սպասարկող այդ օղակը Հայաստանում ամենա ոչ հաշվետու օղակն է, և էնտեղ լիքը կոռուպցիոն գործարքներ կան, չափից շատ: Այդ ընկերությունները վայելում են ավելի շատ անձեռնմխելիություն, քան բոլոր քաղաքական ուժերն իրար գումարած»,- ասաց Խուրշուդյանը:

Գնումների մասին փոփոխված օրենքն ուժի մեջ կմտնի մոտ երկու ամսից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG