Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն և պատրաստվում է մասնակցել առաջիկա ընտրություններին։
Ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարության մեջ, սակայն, Օհանյանը չի հստակեցրել թե որ կուսակցության հետ է մտադիր առաջադրել իր թեկնածությունը: Նախկին նախարարը միայն նշել է, որ այս պահին ակտիվ բանակցությւոնների մեջ է քաղաքացիաքաղաքական ուժերի հետ։
«Կարևորելով առաջիկա գործընթացները՝ ես սկսել եմ խորհրդակցությունների շարք քաղաքական ուժերի, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ: Իմ նպատակն է ակտիվորեն մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով համախոհների թիմ, իսկ քաղաքական մասնակցության համար գտնել առավել արդյունավետ ձևաչափ, որը հանրությանը կներկայանա իրատեսական ծրագրով՝ խնդիր ունենալով Հայաստանում ձևավորելու նոր որակի քաղաքական և տնտեսական համակարգ՝ նոր որակի կառավարմամբ», - ֆեյսբուքյան էջում գրել է Սեյրան Օհանյանը։
Պաշտպանության նախկին նախարարը միևնույն ժամանակ չի մանրամասնել՝ ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության հետ է տեսնում իր ծրագրերի իրականացման հեռանկարը։ Հայտարարության մեջ Օհանյանը միայն նշել է, որ քաղաքականություն վերադառնալը ոչ թե ինքնանպատակ է, այլ Հայրենիքին ծառայելու ինքնադրսևորում։
«Քաղաքական կառավարման կայացած համակարգերում կարևոր են տարբեր դիրքորոշումներն ու բազմակարծությունը, որոնք հետագայում հիմք են դառնում նոր վերադասավորումների և վերախմբավորումների. «Եթե չկա երկրորդ կարծիք, ապա ինչի՞ց ընտրել լավագույնը»: Ես կտրականապես մերժում եմ, երբ քաղաքական գործիչների կարծիքների և տեսակետների բախումը վերածվում է ծայրահեղ հակամարտության, փոխադարձ թշնամանքի և ատելության: Դեմ եմ, երբ այլակարծությունը դառնում է քաղաքական հետապնդումների, զրպարտության, հայհոյախոսության թատերաբեմ», - հայտարարել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ առաջիկայում կներկայացնի իր քաղաքական գործունեության ծրագրերն ու դրույթները։
Իշխող հանրապետականների համար Սեյրան Օհանյանի վերադարձն անակնկալ չէ, կուսակցության գործադիր մարմնի անդամ Արմեն Աշոտյանը միևնույն ժամանակ պնդում է, թե հեռացած պաշտոնյաները վերադառնալով մեծ նվաճումներ չեն ունենում․ - «Քաղաքականությունը ձգում է նախկին իշխանավորներին, նախկին պաշտոնյաներին: Կյանքը ցույց է տալիս, որ նրանք չեն կարող արձանագրել շատ մեծ արդյունքներ, բայց ինչ-որ մի տեղ քաղաքական արևի տակ կարողանում են զբաղեցնել՝ ունենալով որոշակի քաղաքական ծրագիր, ամբիցիաներ»:
Սեյրան Օհանյանի հետ համագործակցելու պատրաստակամություն երեկ հայտնեց ԱԺ նախագահի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալաքյանը։ Ընդդիմադիր գործիչը, ի դեպ, առաջինն էր, ով հայտարարեց, որ Սեյրան Օհանանը վերադառնալու է քաղաքականություն։
«Իմ հրաժարականից հետո ես բազմաթիվ հանդիպումներ են ունեցել Սեյրան Օհանյանի հետ: Մենք Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը գնահատում ենք նույն ձևով: Մենք նույն ձևով ենք գնահատում նաև Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը: Եվ ձեզ կարող եմ ասել, որ առաջիկա օրերին Սեյրան Օհանյանը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, որով նա կհայտարարի իր մուտքը քաղաքականություն, և մենք համագործակցելու ենք Սեյրան Օհանյանի հետ», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր Դալլաքյանը:
Հիշեցնենք, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պաշտոնը թողեց այս տարվա հոկտեմբերին։ Իր այսօրվա հայտարարության մեջ նա նշել է, որ պաշտոնին հրաժեշտ է տվել հանգիստ և առանց զգայական զեղումների, հետագայում մերժել է իրեն առաջարկվող բոլոր բարձր պաշտոնները։