«Համախմբում» կուսակցությունը բանակցություններ է վարում տարբեր քաղաքական ուժերի հետ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու նպատակով։
Նախկին արտգործնախարար, կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ եթե քննարկումների արդյունքում այնուամենայնիվ դաշինք չստեղծվի, «Համախմբում»-ը ընտրությունների կգնա առանձին և ցուցակը կգլխավորի ինքը։
«Ազատություն». - Պարոն Օսկանյան, ընդդիմադիր երեք ուժեր համագործակցության հուշագիր ստորագրեցին՝ հայտարարելով, որ դաշինքով են մասնակցելու ընտրություններին։ Ձեր ղեկավարած «Համախմբում» կուսակցությունը և՛ս տևական ժամանակ տարբեր քննարկումների մեջ է՝ առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու նպատակով։ Ինչպիսի՞ արդյունքներ եք արձանագրել, ո՞ւմ հետ եք գնում ընտրությունների։
Օսկանյան. - Ես այս պահին անուններ չեմ տա։ Բանակցություններ վարում ենք, տարբեր քաղաքական ուժերի հետ։ Հուսով եմ, որ ինչ-որ դաշինք կստեղծվի մեզ մոտ էլ, բայց մի քիչ դեռ վաղ է դրա մասին հայտարարություն անել։ Եթե հանկարծ չի լինում, չի լինում... «Համախմբում»-ը գնալու է առանձին, այդ պարագայում ցուցակը գլխավորելու եմ ես, բայց եթե դաշինք է լինում, իհարկե, մեր դիրքորոշումն այնտեղ շատ ավելի ճկուն կլինի և մենք չենք ստիպի կամ պարտադրի, որ անպայման ես լինեմ գլխավորողը, կարել է այնտեղ տարբեր լուծումներ գտնել։
«Ազատություն». - Պարոն Օսկանյան, որոշակի տեղեկությունների համաձայն, ձեզ կարող ենք տեսնել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան և «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյան այս հնարավոր դաշինքում։ Դուք այս անձանց հետ ձեր համագործակցությունը հնարավոր համարո՞ւմ եք։
Օսկանյան. - Սեյրան Օհանյանի մասով նախ ասեմ, որ իր կողմից որևէ հայտարարություն չի արվել, չգիտեմ, թե իսկապես Սեյրան Օհանյանն ինչպիսի որոշում կկայացնի, կմտնի՞ այդ գործընթացների մեջ, թե՞՝ ոչ։ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ես հանդիպել եմ, նորից կհանդիպեմ, որոշ քննարկումներ այնտեղ մենք ծավալում ենք։ Սեյրան Օհանյանի նկատմամբ իհարկե մեծ հարգանք ունեմ, մենք միասին աշխատել ենք, շատ դրական եմ վերաբերվում, եթե ինքը որոշի մտնի քաղաքականություն և մասնակցի խորհրդարանական ընտրություններին, և ինչո՞ւ ոչ, նրա հետ համագործակցությունը ես տեսնում եմ։ Եվ կարծում եմ, որ եթե իրոք այդ եռյակը, որ Դուք թվարկեցիք, եթե այդպիսի դաշինք ստեղծվի, ես կարծում եմ, որ դա բավական լավ դաշինք կլինի, բայց նորից եմ կրկնում՝ թերևս որևէ այդպիսի հիմնավորում չկա դրան, և ժամանակը ցույց կտա՝ նման զարգացումներ կլինե՞ն, թե՞՝ ոչ։
«Ազատություն». - Բայց հանդիպե՞լ եք Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։
Օսկանյան. - Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպել եմ, Սեյրան Օհանյանի հետ էլ եմ հանդիպել, բայց դեռևս Սեյրան Օհանյանն ինքն իր վերջնական որոշումը չի կայացրել։ Բայց ես նաև հանդիպել եմ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, այնպես որ միայն այդ երկուսը չեն, և պետք չէ անպայման մեր դաշինքը դիտարկել այդ եռյակի մեջ։
«Ազատություն». - Մի ճշտում՝ հավանականությունը մե՞ծ է, որ այնուամենայնիվ դուք դաշինքով կմասնակցեք, պարոն Օսկանյան։
Օսկանյան. - Ցանկալի է, որ դաշինքով մասնակցենք, հավանականության մասին չեմ կարող այս պահին ինչ-որ բան ասել։
«Ազատություն». - Մի ճշտում՝ քանի որ նշեցիք, որ խոսել եք այս հարցի շուրջ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ, նա ի՞նչ է մտածում ընդհանրապես ընտրական գործընթացներին իր մասնակցության մասին։
Օսկանյան. - Ես Սեյրան Օհանյանի հետ զուտ անձնական հանդիպում եմ ունեցել, զուտ բարեկամական, ես չեմ ուզենա, որ դա դիտարկվի որպես դաշինքների ձևավորման հարցում քննարկումներ։ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, այո՛, նման խոսակցություն եղել է, երկուսս էլ քաղաքական ուժ ենք ներկայացնում։
«Ազատություն». - Բայց նա ընտրական գերծընթացներին մասնակցելու մասին չի՞ խոսել։
Օսկանյան. - Ինքը կորոշի, կասի, ես վստահ եմ։ Ես կարծում եմ, որ գոնե իմ հանդիպման պահին դեռևս հստակ որոշում չուներ։