Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը 5 տարում զբոսաշրջության ծավալները եռապատկելու խնդիր է դրել


Դեկտեմբերի 12-ին Վայոց ձորի մարզում նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը հռչակված` զբոսաշրջության ոլորտի զարգացման հարցերը:

Նախագահի կայքէջի հաղորդմամբ, նախագահը, մասնավորապես, ասել է՝ «Չնայած զբոսաշրջության բնագավառում արձանագրված որոշակի դրական արդյունքներին, այստեղ դեռևս ամբողջությամբ չբացահայտված մեծ ներուժ կա»:

Նշելով, որ շուրջ երկու ամիս առաջ, նոր կառավարության ձևավորման հետ միաժամանակ, Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կազմում ստեղծվեց Զբոսաշրջության պետական կոմիտե, որը մշակելու է այս ոլորտին նոր շունչ հաղորդելու քաղաքականությունը, և կառավարության ծրագրով ոլորտի համար հավակնոտ նպատակադրում արվեց` առաջիկա հինգ տարիների ընթացքում եռապատկել զբոսաշրջիկների թիվը, Սերժ Սարգսյանն, այդուհանդերձ, նման համոզմունք է հայտնել՝

«Ակնհայտ է, որ զբոսաշրջությունը չի կարող ակտիվորեն զարգանալ միայն ոլորտի պատասխանատուների ջանքերի շնորհիվ: «Սա տնտեսության զարգացման մի ամբողջ փոխկապակցված շղթա է, և այս շղթայի բոլոր օղակները պետք է լինեն ամուր, գործեն ակտիվորեն, որպեսզի կարողանանք ստանալ վերջնական արդյունք: Պատասխանատվությունն էլ պետք է լինի բոլորինը: Պետք է գիտակցենք, որ ոլորտը կարող է զարգանալ միայն ու միայն բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ:

Անշուշտ, ներուժը շատ մեծ է, և կարճ ժամանակում մեծ արդյունքներ ակնկալելն իրատեսական չէ: Բայց ամեն օր մենք պետք է տեսնենք զարգացման տեմպը, ամեն օր պետք է, միգուցե փոքրիկ, բայց հաջողություն արձանագրենք՝ նպատակ ունենալով կատարել այն, ինչը ստորագրել ենք՝ գոնե հինգ տարում եռապատկել ծավալները: Սա մեզ համար պետք է լինի լուծման առումով իրատեսական խնդիր: Պատահական չէ, որ այս խորհրդակցությունը մենք անց ենք կացնում Վայոց ձորի մարզում, որտեղ զբոսաշրջության զարգացման համար պատմականորեն ձևավորված շատ լավ նախադրյալներ կան»,- ասել է նախագահը:

Խորհրդակցության արդյունքներով նա մի շարք հանձնարարականներ է տվել, այդ թվում, վարչապետին հանձնարարել է` զբոսաշրջության ոլորտի և տարածքային զարգացման հետ առնչություն ունեցող պետական մարմինների աշխատանքների մեկտեղման ու զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման նպատակով ձևավորել փոխվարչապետի համակարգմամբ գործող զբոսաշրջության խորհուրդ՝ շահագրգիռ մարմինների հետ համատեղ ներգրավելով ոլորտի մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների (համաձայնությամբ):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG