Հայաստանը միացել էԲելառուսի և Ռուսաստանի միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին: Փաստաթղթին Հայաստանի Հանրապետության միանալու հետ կապված առանձին Արձանագրությամբ լրացումներ և փոփոխություններ են կատարվել 2000 թվականի փետրվարի 11-ին ստորագրված համաձայնագրում:
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ համաձայնագիրը «կնպաստի խմբի մասնակիցների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության արդյունաբերական ձեռնարկությունների գիտատեխնիկական, արտադրական, նորոգման և ներդրումային ներուժի առավելագույն օգտագործմանը, որն էլ իր հերթին կնպաստի Հայաստանի Հանրապետության պաշտպանական ներուժի ամրապնդմանը»:
«Փաստաթղթերը նաև Հայաստանի Հանրապետության համար իրավական հիմք և պայմաններ են ստեղծում արտադրական, գիտատեխնիկական և ներդրումային ներուժի հետագա ինտեգրման և առավել արդյունավետ օգտագործմանը մասնակցելու, ինչպես նաև Կողմերի պետությունների արդյունաբերական համալիրների կոոպերացիոն կապերի բարձր մակարդակի ապահովման համար», - ասված է հաղորդագրությունում: