Մատչելիության հղումներ

Սեֆիլյանի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է


Իրավապահները բերման են ենթարկում Ժիրայր Սեֆիլյանին: 20-ը հունիսի, 2016 թ․
Իրավապահները բերման են ենթարկում Ժիրայր Սեֆիլյանին: 20-ը հունիսի, 2016 թ․

Ըստ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության, զենքով պետական կառույցներ, այդ թվում Երևանի հեռուստաաշտարակը գրավելուն ուղղված գործողությունները ծրագրելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։

Հաղորդվում է նաև, որ խստացվել է Սեֆիլյանի մեղադրանքը․ 2015-ի ապրիլի 24-ի նախօրեին զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք իրացնելու, պահելու և փոխադրելու մեղադրանքին ավելացել է կազմակերպված խմբի կողմից շենք, շինություններ զավթելու գործողությունները նախապատրաստելու հոդվածը։

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ քննվում էր Սեֆիլյանի կալանքի երկարացման հարցը, նրա պաշտպան Արա Զաքարյանը պնդեց, թե չնայած հոդվածների խստացմանը, Սեֆիլյանը չի ընդունում մեղքը։

Ըստ Զաքարյանի, Հատուկ քննչական ծառայությունը շարունակում է պնդել, թե ազատության մեջ հայտնվելով՝ Սեֆիլյանը կխոչընդոտի նախաքննությանը․ - «Պաշտպանական կողմը խիստ կասկածներ ունի, որ այն անձինք, որքեր որ քննության սկզբնական փուլում հարկադրված են եղել Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տալ․․․ Ժիրայր Սեֆիլյանին նման հոդվածով մեղադրանք առաջադրելը, իսկ նրանց չառաջադրելը պայմանավորված է այն հանգամանքով, որ քննչական մարմինը հավանաբար նրանց վրա ազդել է՝ ասելով, որ եթե դուք հրաժարվեք ձեր նախորդ ցուցմունքներից, ապա ձեզ ևս այս հոդվածով մեղադրանք կառաջադրվի: Որովհետև այդ դրվագով ոչ մեկին, բացի Ժիրայր Սեֆիլյանից, շենք, շինություններ զավթելու նախապատրաստական աշխատանքների մեղադրանք չի առաջադրվել»:

Հատուկ քննչական ծառայությունն այսօր իր հաղորդագրությամբ նաև տեղեկացնում է, որ Սեֆիլյանի գործն անջատվել է Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործից, և որ մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար են, դրանք արդեն ուղարկվել են կողմերին։

Սեֆիլյանից զատ, ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության, ևս 20 հոգու մեղադրանք է խստացվել, որոնցից 12-ը «Սասնա Ծռեր» զինված խմբից են։

Հիշեցնեմ, որ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու առիթով հարուցված քրեական գործին միացվեց ավելի վաղ կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի հեռուստաաշտարակի գրավման նախապատրաստման, ինչպես նաև 2015-ի ապիլի 24-ին Սեֆիլյանի ու նրա համախոհների կողմից զանգվածային անկարգություններ նախապատրաստելու քրեական գործը։

Սեֆիլյանի պաշտպանները, որ քննադատում էին այս գործերի միացումը, այսօր արդեն հայտարարում են, թե նախաքննական մարմինը պարզապես կապ չգտավ Սեֆիլյանի ու ՊՊԾ գնդի տարածքը գրաված նրա ընկերների գործողություններում։

«Այն ժամանակ էլ որևիցե անհրաժեշտություն չկար այդ գործերը միացնելու, ի սկզբանե բոլորի համար պարզ էր, որ այդ միացումը ոչ մի արդյունք չի կարող տալ: Եվ հիմա վարույթն իրականացնող մարմինը ուղղակի անջատում է՝ ցույց տալու համար, որ գործով, ըստ էության, չի պարզվել կապը ՊՊԾ տարածք մուտք գործողների և Ժիրայր Սեֆիլյանը և մյուսների կողմից շինություններ, շենքեր զավթելուն ուղղված գործողությունների նախապատրաստման կապակցությամբ զենքեր ձեռք բերելու և աշխատանքներ կատարելու», - ասաց փաստաբան Արա Զաքարյանը:

Հատուկ քննչական ծառայությունը նաև հաղորդում է, որ ՊՊԾ գնդի տարածքը գրավելու գործի նախաքննությունը որոշ մեղադրյալների մասով ավարտվել է։

«Սասնա Ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի գործը ևս ավարտված է․ դատարանն այսօր բավարարեց քննիչի միջնորդությունը նրան ևս երկու ամսով կալանքի տակ պահելու վերաբերյալ։

«Ազատության» հետ զրույցում փաստաբան Արայիկ Պապիկյանն ասաց, որ Պետրոսյանի մեղադրանքը ևս խստացվել է․ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, և շենք, շինություններ գրավելու հոդվածներից զատ, նա նաև մեղադրվում է պատանդ վերցնելու մեջ։

Պապիկյանն ասաց, որ այսօր երկու ամսով կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության մեջ քննիչը նշել է, որ իր պաշտպանյալի դեմ ցուցմունք են տվել գնդի տարածքում այդ օրերին պահվող բժիշկները։ Սակայն, ըստ փաստաբանի, Աշոտ Պետրոսյանը գնդի տարածքից դուրս էր եկել մինչև բժիշկների գալը:

«Սասնա ծռերի» անդամներից ոչ մեկը չի ընդունում իր մեղքը․ բոլորը պնդում են, որ զինված ապստամբության փորձ էին արել, այլ ոչ թե հանցագործություն։

ՊՊԾ գնդի գրավման ընթացքում, հիշեցնենք, երեք ոստիկան զոհվեց։ Հատուկ քննչական ծառայությունը սպանության համար մեղադրանք է առաջադրել զինված խմբի անդամներ Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին։

XS
SM
MD
LG