Մատչելիության հղումներ

«Սասնա Ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանին սպանության մեղադրանք է առաջադրվել


Բիլյանին մեղսագրվում է ոստիկանության ենթասպա Գագիկ Մրտչյանի սպանությունը:

Բիլյանը, սակայն, ինչպես «Ազատության» հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արմինե Ֆանյանը, մեղադրանքը չի ընդունում․ - «Պաշտպանության կողմին որևէ այլ ապացույց չի տրամադրվել: Ավելին ասեմ՝ որևէ այլ ապացույց լինել չի էլ կարող, որովհետև առաջիկայում մենք ենք պատրաստվում որոշակի ապացույցներ ներկայացնել, որով կփորձենք հիմնավորել, որ Արմեն Բիլյանը նշված անձին, ոստիկանության ծառայողին կյանքից զրկելու դեպքի ժամանակ հենց այդ վայրում չի գտնվել»:

Բիլյանը մինչև այժմ մեղադրվում էր պատանդ վերցնելու, ապօրինի կերպով զենք-ռազմամթերք կրելու, փոխադրելու հոդվածներով։ Սպանության հոդվածից բացի, նախաքննական մարմինը Բիլյանի մեղադրանքը խստացրել է նաև զենքի հափշտակության հոդվածով։

Ֆանյանը պնդում է, որ մեղադրանքի խստացման համար նախաքննական մարմինը հիմնվել է մեկ վկայի ցուցմունքի վրա, որը, ըստ փաստաբանի, «իրարամերժ է»․ - «Մե՛կ պնդում է, մե՛կ չի պնդում: Նույն ցուցմունքում մե՛կ ասում է՝ տեսել եմ, մե՛կ ասում է՝ չեմ տեսել»:

Երեկ նաև հաղորդվեց, որ Հատուկ քննչական ծառայությունը սպանության մեղադրանք է առաջադրել զինված խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին՝ ենթասպա Յուրի Տեփանոսյանի սպանության համար։

ՊՊԾ գնդի տարածքի գրավման օրերին, հիշեցնենք, ոստիկանությունը հաղորդել էր, որ ենթասպան մահացել է դիպուկահարի արձակած գնդակից։

Նախաքննական մարմինը դեռևս տեղեկություններ չի հաղորդում ՊՊԾ գնդի տարածքի գրավման առաջին օրը՝ հուլիսի 17-ին գնդի տարածքում զոհված գնդապետ Արթուր Վանոյանի մահվան հանգամանքերի մասին։ Առայժմ չի հայտարարվում, թե ով է մեղադրվում գնդապետի սպանության մեջ։

«Սասնա ծռերի» գործով Հատուկ քննչական ծառայությունը զենքի հափշտակության մեղադրանք է առաջադրել նաև Միայնակ Գայլ մականվամբ Արայիկ Խանդոյանին։

Այսօր դատարանը որոշում կայացրեց ևս երկու ամսով երկարացնել Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի, Գագիկ Եղիազարյանի կալանքի ժամկետները։ Պաշտպանները այս որոշումները կբողոքարկեն վերաքննիչ ատյանում։

Թե՛ Խանդոյանը, և թե՛ զինված խմբի մյուս անդամները չեն ընդունում մեղադրանքը։

Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանն ասաց, որ իր պաշտպանյալը հերքում է, թե ՊՊԾ գնդի տարածքից զենք է հափշտակել․ - «Զենքը վերցված է ինքնապաշտպանության համար, քանի որ, ինչպես գիտեք, ոստիկանության կողմից էլ է եղել հրաձգություններ․․․ ինչին նախաքննական մարմինը իրավական գնահատական չի տալիս: Ի՞նչ զենք, զինամթերքի հափշտակության մասին է խոսքը, երբ որ զենքը վերցրել են պաշտպանության համար, հետո կամովին զենքը հանձնել են, շինությունը հանձնել են, և որպես քաղբանտարկալ նրանք հանձնվել են իշխանություններին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG